2010 թվականից սկսած մամուլում շրջանառության մեջ էր գտնվում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման ծրագիրը։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցների 50%-ը նախնական համաձայնությամբ պետք է հատկացներ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ Մյուս մասը կազմելու էր կառավարության համաֆինանսավորումը։
Այսպես, 2012 թվականին ծրագիրը դասվեց գերակա խնդիրների շարքին, իսկ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ նախագծային աշխատանքները շուտով ավարտին կհասցվեն և կմեկնարկեն շինարարական աշխատանքները։
Նախարարի հայտարարությունից ամիսներ անց սակայն «ՀԿԵ» ըկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց, որ շինարարությունը տնտեսապես շահավետ չէ և ընկերությունը չի պատրաստվում ներդրումներ իրականացնել։
Ու թեև Ռեբեցի հայտարարությունը շատ հստակ էր, այնուամենայնիվ Կառավարությունը այս ծրագիրը ամրագրեց հաջորդ՝ 2013 թվականի բյուջեի ուղերձում, համաձայն որի պետք է ավարտվեն նախագծման աշխատանքները և իրականացվեն միջոցառումներ շինաշխատանքների նախապատրաստման ուղղությամբ։
Սակայն արդեն 2014 թվականի բյուջեի նախագծում այս ծրագրի մասին չի հիշատակվում, ինչը թերևս վկայում է այն մասին, որ այդ աշխատանքները ոչ միայն չեն կատարվել, այլև ծրագիրը փաստացի մղվել է երկրորդ պլան։
Օրերս, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացանք, որ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման ծրագիրը, 7 տարի անց, գտնվում է «պոտենցիալ ներդրողներ ներգրավելու» փուլում։