Դեռևս 2018 թ․ փետրվարին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանը լրագրողներին հայտնել էր Հանրապետության հրապարակում գտնվող՝ Տրանսպորտի և կապի նախարարության շենքի առաջիկա վաճառքի մասին։
«Կապի և տրանսպորտի նախարարության շենքի հետ կապված պիտի ասեմ, որ մենք գրեթե 6 աճուրդներ իրականացրեցինք։ Էս պահին ունենք առաջարկ, պարզ պիտի ասեմ, էս պահին վարչապետի որոշման նախագիծ է պատրաստվում՝ բանակցող հանձնաժողով ստեղծելու։ Շուտով այդ որոշումը կլինի, մենք կբանակցենք կողմի հետ, ով որ ցանկություն ունի ձեռք բերելու Կապի և տրանսպորտի նախարարությունը։ Բնականաբար, բանակցությունների ընթացքում պիտի նայենք ներդրման չափերը, պիտի հասկանանք, թե ինչ կառույց է լինելու Հանրապետության հրապարակում։ Բանակցություններից հետո ես անպայման դրա մասին կհայտարարեմ»․- հայտարարել էր Սահակյանը։
Այս հայտարարությունից անցել է արդեն 2 տարի, և «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում նախարարության շենքի վաճառքը և ովքեր էին դրա գնորդները։
Կառավարությունը 2016 թ․ հոկտեմբերին և 2017 թ․ օգոստոսին երկու որոշումներ էր ընդունել Նալբանդյան 28 հասցեում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության նախկին շենքը դասական աճուրդով օտարելու մասին, սակայն ինչպես նշեցին Պետական գույքի կառավարման կոմիտեից Fip.am-ի հարցմանն ի պատասխան, «կազմակերպված շարունակական աճուրդների արդյունքում գույքը չի օտարվել հայտեր չլինելու պատճառով»։
Կոմիտեից մեզ հայտնեցին նաև, որ գույքն այժմ ամրացված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և շարունակում է մնալ պետական սեփականություն։
Արման Սահակյանի այդ հայտարարությունից 2 ամիս անց Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որից մի քանի օր անց՝ 2018-ի մայիսի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արման Սահակյանի դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատման մասին։
Ամփոփելով՝ փաստենք, որ Տրանսպորտի և կապի նախարարության նախկին շենքը, ի հեճուկս Արման Սահակյանի հավաստիացումների, չի վաճառվել։ Ավելին, ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեից մեր ստացած պատասխանի՝ շենքը գնելու հայտեր երբեք չեն էլ եղել, հետևաբար՝ կեղծ են եղել նաև բանակցող հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությունները։
Սևադա Ղազարյան