Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։
«Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր և թոշակներ չեն բարձրանալու։ Դա շատ հազվադեպ է լինում, որ քաղաքական ուժը ընտրություններից առաջ այդպիսի հայտարարություններ է անում», — մասնավորապես ասել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, սակայն, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած Հանրապետական կուսակցության փոփոխությունների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ավարտից ընդամենը 2 օր առաջ՝ մարտի 30-ին, «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ խոսել էր նաև 2018-ին թոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին։
«Եթե ամեն ինչ նույն տեմպերով շարունակվի, ապա 2018-ին կլինի թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում», — հայտարարել էր վարչապետը։
Տեմպերն էին վատը, թե՞ սա պարզապես հերթական չիրագործված խոստումն է, դժվար է ասել, սակայն փաստենք, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի պնդումների՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացման նախընտրական խոստում, այնուամենայնիվ, եղել է։
Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կազմելու է 1.307 մլրդ դրամ (2017 թվականի 1.210 մլրդ-ի փոխարեն), ծախսային մասը՝ 1.464 մլրդ դրամ (2017 թվականի 1.360 մլրդ-ի փոխարեն), դեֆիցիտը՝ 157 մլրդ դրամ (2017 թվականի 150 մլրդ դրամի փոխարեն):
Ծախսերի համամասնություններն էական փոփոխություններ չեն կրել։ Ամենաշատ գումարն ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին՝ 408,6 մլրդ դրամ։ Հաջորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են՝ 272 մլրդ դրամ, որին հաջորդում են պաշտպանությունը (246,9 մլրդ դրամ) և տնտեսական հարաբերությունները՝ շուրջ 150 մլրդ դրամ։
Բյուջեին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։