Ազգային ժողովում մայիսի 3-ին կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեց, թե ապրիլի 23-ին «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանության կողմից խուզարկության ու ավելի քան 40 անձի բերման ենթարկելու արդյունքում ի՞նչ քանակությամբ թմրանյութ է հաջողվել հայտնաբերել։
Հարցին ի պատասխան, Վահե Ղազարյանը հայտարարեց, որ գործողության արդյունքում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, իսկ որոշների մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված, որի վերաբերյալ դեռևս չկա փորձաքննության եզրակացություն։
«Պոլիգրաֆ գիշերային ակումբում խուզարկություններ են իրականացրել և ․․․ ոստիկանության համապատասխան բաժին են բերման ենթարկվել թվով 41 քաղաքացիներ, որոնցից, եթե չեմ սխալվում, 4 անձի մոտ հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութ, որից հստակ կարող եմ ասել՝ մեկ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3․1 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ, իսկ երեքի մոտ հայտնաբերվել է դեռևս չպարզված թմրանյութի նմանվող զանգվածներ, որը ուղարկվել է փորձաքննության։ Փորձաքննության ավարտից հետո ես խոստանում եմ Ձեզ իրազեկել, թե ինչ տեսակի թմրանյութ է հայտնաբերվել»,- պատասխանեց Վահե Ղազարյանը։
Նախարարի այս պատասխանում կան մի քանի անճշտություններ։
«Պոլիգրաֆ» ակումբում տեղի ունեցած դեպքի առթիվ դեռևս ապրիլի 28-ին Քննչական կոմիտեից մեզ տրամադրված պատասխանը հակասում է ներքին գործերի նախարարի մայիսի 3-ի հայտարարությանը։
Ըստ այդ պատասխանի՝ ձերբակալված 41 անձանցից 4-ի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և այլն։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի արդյունքների համաձայն՝ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
ՆԳՆ-ից մեկ այլ հարցմամբ տեղեկացել էինք, որ թմրանյութեր հայտնաբերվել են ոչ թե 4, այլ 3 անձի մոտ։
«Պոլիգրաֆ ակումբում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 0․33 գր, 1․08 գր և 2․25 գր «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ»,- գրված է մեզ տրված պատասխանում։
Այսինքն, ըստ այս պատասխանի, թմրամիջոց հայտնաբերվել է ոչ թե 4, այլ 3 անձի մոտ։
Ոստիկանությունից ստացված պատասխանից երևում է, որ բերման ենթարկվածներից և ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել թմրանյութի այն քանակը, որը հայտարարում է նախարարը (3․1 գրամ)։
Սակայն այս ամենից զատ, ԱԺ ամբիոնից նախարարը հայտարարում է, որ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվածն է «մարիխուանա», իսկ մյուս երեքի մոտ հայտնաբերված թմրանյութի նմանվող զանգվածն ուղարկվել է փորձաքննության, և դրա արդյունքներն իմանալուն պես խոսք է տալիս տեղեկացնել դրանց բնույթի մասին: Մինչդեռ, նախարարի խոստումից 5 օր առաջ արդեն իսկ մեզ ուղարկված պատասխանում հստակ նշված էր, որ հայտնաբերված թմրանյութերը «մարիխուանա» տեսակի են նմանվում։ Այլ տեսակի թմրանյութերի մասին պատասխանում խոսք չկա:
ՆԳՆ-ից ստացված մեկ այլ պատասխանի համաձայն էլ՝ փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը «մարիխուանա» է։
Ինչպես տեսնում ենք, դեռևս առնվազ ապրիլի 28-ին առկա էին փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ հայտնաբերվել է բացառապես «մարիխուանա» տեսակի թմրանյութ։
Այսպիսով փաստենք, որ ԱԺ ամբիոնից ՆԳ նախարար Վահե Ղազարյանը «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված գործողության արդյունքների մասին կեղծում է ինչպես թմրանյութ պահող անձանց ու վերջիններիս մոտ հայտնաբերված թմրանյութի քանակի մասին տվյալները, այնպես էլ դրանց տեսակի, քանի որ պնդումից օրեր առաջ արդեն իսկ հայտնի էր, որ հայտնաբերվել է միայն «մարիխուանա»։
Ի դեպ, «Պոլիգրաֆը» ուղղակի ակումբ է, թեև նախարարը դրա մասին խոսելիս այն անվանեց «գիշերային ակումբ»։
Սևադա Ղազարյան