Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի, թերևս, ամենից փակ և ամենից հարուստ ընկերություններից մեկն է։ Վերջինիս շահույթը հասնում է միլիարդավոր դրամների, սակայն ճշգրիտ թվեր մինչ օրս հրապարակված չեն։
Կոմբինատի սեփականատերերից մեկը, որոշ տվյալներով, հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը։ Նախկին մարզպետի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմում է 24,150,000 դրամ, 400,800 դոլար և 106,100 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է ամսական մոտ 500,000 դրամ: Բացի այդ, Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124 և 91 մլն դրամ արժողությամբ, իսկ Իսպանիայում գտնվող իր բնակարանի դիմաց վճարել է 275,874 եվրո։ Հաշվետու տարում Հակոբյանը գնել է նաև երեք ավտոտնակ և Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր:
Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծել է «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը», որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում՝ Սյունիքի մարզպետի կողմից։
Այսպես, 2017 թվականի հաշվետվության համաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։
Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։
Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում։
Մամուլում բազմիցս գրվել է, որ հենց այս ՀԿ-ին պատկանող PARA TV հեռուստաընկերության միջոցով է իրականացվել Ամուլսարի դեմ մեդիաարշավը։ ՀԿ-ի և նույնանուն հեռուստաընկերության ղեկավար են հանդիսանում մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը և Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը։
Մեկ այլ ծրագիր, որը հովանավորել է Վահե Հակոբյանի ստեղծած հիմնադրամը, Կապանում «Դոն Նիկո» մակնշմամբ կիսաֆաբրիկատ պիցցաների արտադրությունն է։
Նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է արտադրի տարեկան մինչև կես միլիոն միավոր պիցցայի կիսաֆաբրիկատ՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան և այլ երկրներ արտահանելու համար։
«Դոն Նիկո» ապրանքանիշի արտադրությունը իրականացնում է «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ընկերությունը, որը կրկին պատկանում է նախկին մարզպետի կնոջը՝ Էլիզաբեթին։
Ի դեպ, հատկանշական է, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանը հայտնեց, որ «Իտալիան Ֆուդ Քամփնի» ընկերությանը դրամական հատկացում չի կատարվել, մինչդեռ հիմնադրամի կայքում բոլորովին այլ բան է նշված։
2017 թվականին բնապահպան Արթուր Գրիգորյանը (այժմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Գրիգորյանը Վահե Հակոբյանին մեղադրում էր բնապահպաններին վարկաբեկելու մեջ։ Հրապարակված տեքստում նշվում է Էլիզաբեթ Պետրոսյանի և վերջինիս պատկանող «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն։
Նախկին մարզպետը նաև ֆուտբոլի սիրահար է, նա հանդիսանում է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Ակումբի հովանավորն է ԶՊՄԿ հիմնադրամը, որը 2017 թվականի հաշվետվության համաձայն ակումբին տրամադրել է 578,703,300 դրամ, իսկ 2016-ին՝ 576,768,000 դրամ։
Այս հիմնադրամի նախագահը Զարուհի Տոնապետյանն է, որը նաև Կոմբինատի փոխտնօրենն է։
Նշենք նաև, որ նախկինում Վահե Հակոբյանը աշխատել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես մոնիթորինգի ծառայության մասնագետ։ Այս ՊՈԱԿ-ում է աշխատել նաև ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը, ում կրտսեր եղբայրը՝ Վազգենը, զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակի պաշտոնը։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արա Սաղաթելյանը, որը Արման և Վազգեն Սաղաթելյանների հորեղբայրն է։
Ռաֆայել Աֆրիկյան