Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի հուլիսի 18-ին կառավարության նիստում հայտարարել էր (43:50-ից սկսած), որ Տարածքային կառավարման նախարարություն հանձնարարական է ուղարկվել՝ սեղմ ժամկետներում կազմել Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կառուցելու նախագծանախահաշվային հաշվարկը, որպիսի դրանք օր առաջ տեղադրվեն։
Կենսաբանական մաքրման կարևորությունը
Խոսքը Գեղարքունիքի մարզի նշված երեք քաղաքներում 2013-ից գործող մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման կայանների կառուցման մասին է։
Սևանա լճի ավազանում գտնվող բնակավայրերից գոյացող կեղտաջրերի մաքրումը չափազանց կարևոր է լճի` վերջին տարիներին գրանցվող ծաղման համատեքստում։ «Հետքի» հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրակենսաբան Գոռ Գևորգյանը նշել էր, որ Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա գետերը թափվելուց առաջ մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որոնք վերջնարդյունքում լցվում են լիճ։
Գերմանացի գիտնական, Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետազոտող Կարստեն Ռինկեն ևս կեղտաջրերի կենսաբանական մաքրումը առաջնային նշանակության խնդիր է համարում Սևանի համար։ Ըստ Ռինկեի, լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով, և կեղտաջրերի պատշաճ մաքրումը Սևանի փրկության գործիքն է։
Ի դեպ, խոսքը ոչ միայն գետերով հոսող՝ քաղաքներից եկող կեղտաջրերի մասին է, այլ նաև Սևանա լճի ափամերձ տարածքներում գործող տարատեսակ հասարակական օբյեկտների՝ ռեստորանների, հյուրանոցների և սպասարկման վայրերի, որոնք ևս արտանետում են զգալի չափով կեղտաջրեր։ Ըստ ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի՝ Սևանի ափամերձ տարածքում հանգստի և զվարճանքի 400-ից ավելի օբյեկտներ կան, որոնցից միայն 14-ն ունեն մաքրման սարքեր, մյուսների կեղտաջրերը ամբողջությամբ լցվում են լիճը։
Կառավարության որոշումը
Աղաջանյանի հայտարարությունից հետո՝ 2019-ի սեպտեմբերի 30-ի կառավարության որոշմամբ Սևանի էկոհամակարգի վերականգման 2020-ի միջոցառումների մեջ ընդգրկված էր Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը։ Որպես ֆինանսավորման աղբյուր նշված է «ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին»։
Արժեքը
Կառավարության կողմից երեք քաղաքների կեղտաջրերի կենսաբանական կայանների կառուցման արժեքի հաշվարկներ դեռևս չկան, սակայն դեռ 2018-ի նոյեմբերին «ԷկոԼուրի» հետ զրույցում Մանվել Գաբրիելյանը, որը կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ զբաղվող «Խիմմաստեր» ՍՊԸ-ի ղեկավարն է, հայտնել էր, որ իրենք կարող են Վարդենիսում, Գավառում և Մարտունիում երեք կենսաբանական մաքրման կայան կառուցել շուրջ 1.8 միլիոն դոլարով։ Նրա խոսքով՝ դա մի քանի անգամ ցածր արժեք է, քան առաջարկում են արտասահմանյան կազմակերպությունները։
Փող չկա
2020-ի սեպտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հարցումով դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե ինչ փուլում է գտնվում Գեղարքունիքի մարզի՝ վերը նշված երեք քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումը։ Նախարարությունը պատասխանեց. «Ներկայումս քննարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակելու համար ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հարցը»։
Fip.am-ը 2021-ի հունվարին կրկին հարցում ուղարկեց ՏԿԵ նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք կա որևէ առաջընթաց։ Նախարարությունից տեղեկացրեցին, որ Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում ծրագիրը կիրականացվի համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում։
ՏԿԵ նախարարությունից նաև հայտնեցին, որ Ջրային կոմիտեն մրցութային կարգով խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման նպատակով առաջարկություն կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկված պետական ներդրումային ծրագրերի շրջանակում։
Հովհաննես Նազարեթյան