Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի այցելել է սահմանամերձ Սև լիճ։
Նույն օրը ֆեյսբուքյան իր էջում Սև լճից նկարներ էր հրապարակել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ Պաշտոնյանների հետ լճին էին մոտեցել նաև Հանրային հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը ռեպորտաժ է հրապարակել տեղից։
Հրապարակումներից հետո սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկություն տարածվեց, որ փոխվարչապետ Ավինյանի կողմից հրապարակված նկարները արվել են ոչ թե Սև լճի, այլ շատ ավելի թիկունքում գտնվող Սագի լճի տարածքում։
Իսկ ժամեր անց Ավինյանն իր անձնական էջում հերքեց մամուլում տարածվող տեղեկությունը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք եղել են բարձրաստիճան պաշտոնյանները Սև լճում, թե ոչ։
Նախապատմություն
Փոխվարչապետի հրապարակումից քիչ անց լրագրող Նաիրի Հոխիկյանը մեկնաբանեց նրա գրառումը` նշելով, որ Ավինյանին խաբել են և նա գնացել է ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ։
«Իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»,— մեկնաբանել էր լրագրողը։
Շատ չանցած Հոխիկյանը նաև իր անձնական էջում նույնանման գրառում արեց, որտեղ կրկնում էր նույն պնդումները՝ կցելով նաև քարտեզ։
«Կից քարտեզում հստակ ցույց եմ տվել, թե որտեղ են եղել պաշտոնյաները․․.»,- գրել էր նա։
Հոխիկյանի մեկնաբանությունն արժանացել էր մոտ 2000 արձագանքի, իսկ անձնական էջի հրապարակումը տարածվել 500-ից ավել անգամ։ Գրառումը շատ արագ արտատպել էին լրատվականները՝ News.am, Mamul.am, 168.am, 24News, Pastark.am, ինչպես նաև բազմաթիվ սունկ կայքեր։
Միաժամանակ, ակտիվորեն տարածվում էր ադրբեջանական տեսանյութ, որում, իբր, ադրբեջանցիները տեսանկարահանում են անում Սև լճից, թեև բացահայտ էր, որ տեսանյութը հին է՝ ձյուն է և դեռ խոտածածկ չկա։
Հոխիկյանն իր էջում հրապարակումը մի քանի անգամ հեռացրեց և վերականգնեց, իսկ հետագայում նաև խմբագրեց՝ հեռացնելով իշխանությանը և Ավինյանին ստեր տարածելու մեջ մեղադրանքներով տողերը։ Նույն կերպ վարվեց նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը հրապարակում անելուց մոտ մեկ ժամ անց հեռացրեց այն։
Հ1-ի ռեպորտաժի տեղորոշում
Ինչպես արդեն նշել էինք, Հանրային հեռուստաընկերության լրագրողները ռեպորտաժ էին արել նշված տեղից։ Կադրերից մեկում երևում են Տիգրան Ավինյանը, պատգամավոր Արմեն Խաչատրյանը և մի շարք զինվորականներ, իսկ հետևում՝ Սև լիճը և Իշխանասար լեռնաշղթայի երկու բարձրունքների միացությունը։
Կողմնորոշվելով լճի և լեռնազանգվածի կամարաձև գոգավորությունով՝ տեղանքում գտնում ենք նկարահանման վայրը և դիրքը (Google Earth կոորդինատները՝ 39.59194715173052, 46.2214226979912)։
Ահա մեկ այլ կադր Հանրայինի տեսանյութից:
Նարեկ Ղահրամանյանի նկարների տեղորոշում
Մեզ հաջողվեց տեղորոշել նաև ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի լուսանկարների վայրը։
<
Եթե սմարթֆոնի կարգավորումներում անջատված չէ նկարի գեոլոկացիոն մետատվյալների պահպանումը, ապա նկարի հետ պահվում են նաև այն կոորդինատները, որտեղ այն արվել է։
Բայց նկարի տեղագրական մետատվյալներն ավտոմատ կերպով ջնջվում են Ֆեյսբուք ներբեռնելիս։ Ուստի «Փաստերի ստուգման հարթակը» դիմեց պատգամավորին՝ խնդրելով տրամադրել նկարների մետատվյալները, և համոզվեց, որ տրամադրված նկարների մետատվյալներում իրոք երևում է, որ դրանք արված են Սև լճի հարավ-արևմտյան մասում, ժամը 15։58-ին։
Այստեղ հարկ է նկատել, որ պատգամավորի «սելֆին» հայելային է (դա ևս սմարթֆոնների ֆունկցիա է, որի արդյունքում նկարողն ինքն իրեն տեսնում է ինչպես հայելու մեջ):
Տիգրան Ավինյանի նկարի տեղորոշում
Փոխվարչապետի էջում հրապարկված նկարում երևում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած բարձրունքի մի մասը, ինչպես նաև Հանրայինի ռեպորտաժում երևացող լճի ափը, ինչից կարելի է եզրակացնել, որ նկարները արվել են նույն վայրից (Google Earth կոորդինատները՝ 39.59194715173052, 46.2214226979912)։
«Սյունյաց երկիր» թերթը մանրամասն անդրադարձել է պաշտոնյաների այցելությանը: Ստեղծագործական թիմը պաշտոնյաների հետ ևս եղել է Սև լճում՝ ներկայացնելով ճանապարհը։ Թերթի հրապարակած լուսանկարները ևս կատարվել են նույն վայրում՝ լճի հարավ-արևմտյան ափին:
Որտեղ է գտնվում Սագի լիճը
Լրագրող Հոխիկյանը, ինչպես նշեցինք վերևում, կցել էր նաև քարտեզ՝ նշելով, որ Սագի լիճը Սև լճի հարևանությամբ է։ Սակայն այս հարցում էլ լրագրողը սխալվել էր։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Սև լճին ամենամոտ գտնվող գյուղերից՝ Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանի հետ, որը նշեց՝ Սագի լիճը ոչ թե Սև լճի հարևանությամբ է, ինչպես քարտեզում պատկերել է Հոխիկյանը, այլ շատ ավելի թիկունքում՝ Վերիշեն համայնքից վերև։
Համայնքապետը նաև հաստատեց, որ պաշտոնյանները եղել են Սև լճում, և նշեց, որ հանդիպել է նրանց ճանապարհին, սակայն չի ուղեկցել։
Այսպիսով, կարելի է փաստել, որ Տիգրան Ավինյանը, պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը, ինչպես նաև Սյունիքի մարզպետը իրապես այցելել են Սև լիճ ու լուսանկարվել դրա հարավ-արևմտյան ափի մոտ:
Հայկ Հովհաննիսյան