«Իրավունք» թերթը այսօրվա համարում «Փող չկա նույնիսկ բանակի համար, սպաների աշխատավարձերը կրճատվել են» վերնագրով հոդված է հրապարակել: Նյութում ասվում է՝ նոր իշխանությունները կրճատել են պետծառայողների և բանակի սպաների աշխատավարձերը։
«Պարզվում է, որ իշխանությունները որոշել են ոչ թե կրճատումների ճանապարհով լուծել պետական հիմնարկների ֆինանսավորման՝ իրենց գլխին կախված խնդիրը, այլ կրճատել պետծառայողների աշխատավարձերը: Ընդ որում, կրճատումները կարող են հասնել 40 տոկոսի: Նշենք, որ կրճատվել են նաև բանակի սպաների աշխատավարձերը՝ դրանք նվազեցնելով մինչև պետծառայողների դրույքաչափերը», — ասված է նյութում։
Տեղեկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց դա. «Անհիմն տեղեկություններ են», — լակոնիկ ասաց Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ նոր կառավարությունը, ձևավորման առաջին օրվանից, հայտարարել է պետական համակարգի օպտիմալացման և ուռճացված հաստիքների կրճատման մասին։ Հենց այս քայլերով էր նախատեսվում բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը։
Ավելին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ իր այսօրվա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում կրկնել է հենց այս միտքը՝ «նախատեսվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում»:
Կարինե Կիրակոսյան