Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին Ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ՍՈւ-30 ինքնաթիռի օդաչուի նկարած տեսանյութը և գրեց, որ պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն Հայաստանի երկնքում:
«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողներից մեկը պնդեց, որ ինքնաթիռներն իրականում չեն զարգացրել գերձայնային արագություն։
Ընթերցողն իր պնդումը հիմնավորում էր նրանով, որ կադրերում երևում է, որ ինքնաթիռի կառավարման վահանակի էկրանին արագության ցուցիչը ցույց է տալիս «940», իսկ 12 կմ բարձրության վրա (որը ևս երևում է էկրանին) ձայնի արագությունը 1062 կմ/ժ է (295 մ/վ):
Թվեր
12 կմ բարձրության վրա ձայնի արագությունը իրապես 1062 կմ/ժ է: Սակայն ավիացիայում և ծովագնացության մեջ արագության չափման միավորը ոչ թե կիլոմետր/ժամն է, այլ ծովային մղոն/ժամը (այն նաև անվանում են հանգույց):
Այսինքն՝ ՍՈւ-30 ինքնաթիռի կառավարման վահանակի էկրանին արագությունը ցուցադրվում է ոչ թե կիլոմետր/ժամով, այլ հենց ծովային մղոն/ժամով: Իսկ 940 ծովային մղոն/ժամը հավասար է 1740 կմ/ժ-ի կամ՝ մոտ 1,5 մախի (ձայնի արագության 1․5-ապատիկը), ինչը և գրված է էկրանի մեկ այլ հատվածում (որի վրա կադրերում մատնացույց է անում օդաչուն):
Օրը
Թեև Նիկոլ Փաշինյանը նշված կադրերը հրապարակել է ապրիլի 11-ին, սակայն Կոտայքի ու Տավուշի մարզերի բազմաթիվ բնակիչներ ապրիլի 10-ին (համարյա նույն ժամին) լսել են պայթյունի ձայներ:
Ի տարբերություն ձայն առաջացնող և արագ շարժվող այլ օբյեկտների, որոնց ձայնն այդ օբյեկտներից առաջ է ընկնում, գերձայնային օբյեկտների առաքած ձայնը չի կարողանում դրանից առաջ ընկնել և, ըստ էության, կուտակվում է օբյեկտի մոտ:
Ըստ ամենայնի, պայթյունի նմանվող ձայնը եղել է հենց ՍՈւ-30-ների գերձայնային թռիչքից առաջացած ձայնային հարվածից (հայտնի է sonic boom անվանմամբ): Հավանաբար, հենց այդ ձայնային հարվածն են լսել տարբեր մարզերի բնակիչները, իսկ «պատմական» թռիչքը, ըստ այդմ, եղել է ապրիլի 10-ին՝ Փաշինյանի գրառման նախորդ օրը:
Անի Գրիգորյան