Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների միաժամանակյա փոխանակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպմանը՝ այն անվանելով «մտահոգիչ»։
«… Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «Որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։
Համանախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։
Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»,- գրել է Աշոտյանը։
Fip.am-ը պարզեց, որ Աշոտյանի հիշատակած սուբստանտիվ կամ բովանդակային, առարկայական բանակցությունների թեզը նոր չէ, որ տեղ է գտնում միջնորդների հայտարարություններում։ Եթե անգամ համանախագահների կողմից հիշյալ ձևակերպումը օգտագործելը «բնավորություն է դարձել», դա տեղի է ունեցել ոչ թե վերջին մեկ տարվա ընթացքում, այլ ավելի վաղ՝ Հանրապետականի օրոք։
Ի՞նչ է հուշում միջնորդների հայտարարությունների բովանդակությունը վերջին տարիներին
2018-2019 թթ․ բովանդակային բանակցությունների անհրաժեշտությունը հիշատակվում է 2019-ի հունիսի 29-ի հայտարարությունում և հունիսի 20-ի հայտարարությունում, դրանից առաջ՝ 2018-ի հուլիսի 12-ի հայտարարությունում։ Այսինքն՝ մոտ մեկ տարվա ընթացքում տասնյակից ավելի արված հայտարարություններում այսպես կոչված «ադրբեջանական թեզը» չի նշվում։
Իսկ ահա Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունիսից մինչև հոկտեմբեր իրար հաջորդող հայտարարություններում կողմերին Աշոտյանին «մտահոգող» բովանդակային բանակցությունների կոչ էին անում։
«Մենք նաև բովանդակային բանակցություններում առաջընթացի, ինչպես նաև ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկն առաջ մղելու կոչ ենք անում։ Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ՝ առաջ տանելու նախագահների վերջին երկու հանդիպումներում գրանցված արդյունքները»,- ասված է 2016-ի հունիսի 24-ի հայտարարությունում։
2016-ի սեպտեմբերի 22-ի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նույն թվականին Վիեննայում (մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (հունիսի 20) Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումներին՝ այդ համատեքստում կարևորելով հետագա քայլերը, որոնք կհանգեցնեն «կարգավորմանը միտված բովանդակային բանակցությունների համար մթնոլորտի ստեղծմանը»։
2016-ի հոկտեմբերի 26-ին համանախագահները քննարկել են «հարատև խաղաղությանը միտված բովանդակային բանակցությունները խթանելու վերաբերյալ ընթացիկ աշխատանքային առաջարկները»։
Մինսկի խմբի եռանախագահներից զատ, 2016-ին նույնաբովանդակ կոչով հանդես է եկել նաև ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերին։ Վերջինս, ըստ Պետքարտուղարության՝ 2016-ի հունիսի 30-ի պաշտոնական հաղորդագրության, վերահաստատել էր Միացյալ Նահանգների աջակցությունը «բովանդակային բանակցություններին, որոնք կարող են բերել համապարփակ կարգավորման»։
Եթե ուսումնասիրենք միջնորդների շատ ավելի վաղ ժամանակահատվածի հայտարարությունները, կրկին կհանդիպենք հիշյալ ձևակերպումը, օրինակ՝ 2013-ի դեկտեմբերի 19-ին։
Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks)» մասին հիշատակել են նաև նախորդ տարիներին, և ՀՀԿ փոխնախագահի գրառումը միտված է հանրային կարծիքը մանիպուլացնելուն։