Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ ադրբեջանցիների և թուրքերի՝ Հայաստանում ազատորեն շրջելու մասին:
Այսպես, Anul Arev Karapetian (Անուլ Արև Կարապետյան) անունով օգտատերը հուլիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ենթադրաբար հանգիստը Հայաստանում անցկացնող ադրբեջանցիների մասին BBC-ի ադրբեջանական ծառայության տեսանյութը՝ ներկայացնելով այն որպես նոր: «Արդեն Երևանում..»,- գրել էր օգտատերը:
Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ բժիշկ Գևորգ Գրիգորյանը, իր էջում հրապարակել էր թուրքական համարանիշներով մեքենայի նկար՝ նշելով, որ այն նկատվել է Երևանում. «Ինչպես ասում են՝ «դժվարն առաջինն է»… Թուրքական մեքենա Մյասնիկյան փողոցի վրա: Պատկերացրեք, որ այս մեքենան ունի վարորդ (հնարավոր է, որ նաև ուղևորներ), ով չէր կարող սոված և ծարավ մնալ Հայաստանի տարածքում»,- գրել է նա:
Իրականում, սակայն, երկու հրապարակումներն էլ մանիպուլյատիվ են:
BBC-ի ադրբեջանական ծառայության տեսանյութը պատրաստվել և հրապարակվել է 2018 թվականի մարտի 24-ին: Նյութը պատմում էր ամեն տարի Հայաստան այցելող Իրանի հազարավոր քաղաքացիների մասին, որոնք նախընտրում են Նովրուզի տոնը նշել Երևանում: «Նովրուզը Երևանում նշող Իրանի քաղաքացիների շրջանում կան բազմաթիվ ադրբեջանցիներ»,- գրել էր լրատվական գործակալությունը՝ հարցազրույցներ ներկայացնելով այդ պահին Հայաստանի մայրաքաղաքում գտնվող ադրբեջանցիների հետ:
Հատկանշական է նաև, որ տեսանյութի հին լինելը ակնհայտ է դառնում հենց այն դիտելու ընթացքում, քանի որ երևում են Երևանում այդ տարի սպասվելիք Էնդիի համերգի պաստառները: Կադրերից մեկում հայտնվում է նաև նախկինում Հանրապետության հրապարակում գտնվող «I love Yerevan» նշանը, որը վաղուց ապամոնտաժվել է:
Ինչ վերաբերում է մյուս՝ թուրքական համարանիշներով մեքենայի մասին գրառմանը, ապա նշենք, որ դրանում որևէ արտառոց երևույթ չկա:
Հայաստանում թուրքական համարանիշներով մեքենաներով երթևեկելու արգելք չկա, ինչպես չի արգելվում հայկական համարանիշներով մեքենաների մուտքը Թուրքիա:
Հավելենք, որ թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստան են եկել թուրք զբոսաշրջիկներ, իսկ շատ հայեր նախընտրում էին իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում:
Այսպիսով, Հայաստանում գտնվող ադրբեջանցիների մասին սոցցանցերում տարածվող տեսանյութը հին է և ապակողմնորոշող, իսկ թուրքական համարանիշներով մեքենայի մասին գրառումը մանիպուլյատիվ է, քանի որ նման մեքենաների մուտքը Հայաստանում առաջին անգամ չէ:
Լուսինե Ոսկանյան