Վրացալեզու The Tbilisi Times ֆեյսբուքյան էջը, որը 131 հազարից ավելի հետևորդ ունի, մի տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են շտապօգնության մեքենայով տեղափոխում վնասվածք ստացած փոքրիկ երեխայի:
Տեսանյութը վերնագրված է՝ «Դժոխք երկրի վրա», այն ներկայացվում է իբրև Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի ժամանակ արված տեսանյութ:
Ֆեյսբուքում մեծաթիվ օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել տեսանյութը:
Սակայն իրականում տեսանյութն արվել է տարիներ առաջ՝ 2016 թվականին, երբ Հալեպում ավիահարվածից հետո փլատակների տակից դուրս էին բերում սիրիացի երեխային:
Վրացական էջում տարածված տեսանյութը մոնտաժված է, այն ուղեկցվում է երաժշտությամբ, փոխարենը չի լսվում իրական ձայնը, որում պարզ հասկացվում է, որ մարդիկ խոսում են արաբերեն:
The Tbilisi Times-ի նշված հրապարակումն իրենց անձնական էջերում տարածած օգտատերերից շատերը տեղյակ են, որ տեսանյութն իրականում արված է Հալեպում և որևէ կապ չունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Սակայն դա նրանց չի խանգարել շարունակել մանիպուլացնել: Էջի կառավարիչները համեմատություններ են կատարել՝ նշելով, թե տարբերություն չկա՝ որտեղ ու երբ է արվել տեսանյութը, և որ Սիրիայում կատարվածը հիմա կրկնվում է Ուկրաինայում:
Սվետլանա Դավթյան