Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ընտանիքի հետ ապրիլի 26-ին այցելել էր Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններ և լուսանկարներ հրապարակել այդ այցից։
Լուսանկարներից մեկը, որտեղ Ալիևների ընտանիքը գրկել էր սոսու ծառը, մեծ արձագանք էր ստացել հայկական մեդիայում և սոցիալական ցանցերում։ Որոշ լրատվականներ և օգտատերեր հայտարարել էին, որ Ալիևները եղել են ոչ միայն Ֆիզուլիում և Զանգելանում, այլ նաև Սյունիքի մարզում։
«Փաստերի ստուգման հարթակը» Շրջական միջավայրի նախարարության պաշտոնական հայտարարության, Ներքին Հանդ գյուղի ղեկավարի խոսքի, ինչպես նաև Ալիևների նկարահանած տեսանյութի հիման վրա գրել էր, որ իրականում նրանք գտնվել են ոչ թե Սյունիքի մարզում, այլ պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած Արցախի Կովսականի շրջանում։
Թեմային անդրադարձել էր նաև Արցախի «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահրամ Հայրապետյանը, որը ևս հերքել էր տարածվող տեղեկությունը, թե Ալիևները լուսանկարվել են Սյունիքի մարզում։
«Ալիևը մեր համարակալած ծառերի տակ է նկարվել. նա եղել է Արցախի բնապահպանության կոմիտեի «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսիների պուրակ» արգելավայրում»,- News.am-ին հայտնել էր ՊՈԱԿ-ի տնօրենը:
Այս հրապարակումների հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, շարունակվեցին պնդումներն այն մասին, որ Ալիևները, այնուամենայնիվ, եղել են Սյունիքում, ինչը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Սոսիների պուրակում, այո, հայտնվել է Ալիևն իր ընտանիքի հետ։ Որքան էլ փորձեն պնդել, որ այնտեղ չի՝ ակնհայտ է, որ դեկտեմբերի 18-ից հետո զիջված տարածքներում է, որ գտնվել է Ալիևն իր ընտանիքի հետ»,- հայտարարեց պատգամավորը։
Fip.am-ի հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց, որ նման համոզմունք է հայտնել՝ հիմնվելով ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ համարակալում իրականացնող աշխատակցի խոսքի վրա։ Գրիգորյանի խոսքով՝ քանի որ ծառերի համարակալումն իրականացրել է ՊՈԱԿ-ի աշխատակիցը, հետևաբար ծառերը ևս գտնվել են ՀՀ տարածքում գտնվող «Սոսու պուրակում»։ Իսկ քանի որ Ալիևները լուսանկարվել են համարակալված ծառի մոտ, հետևաբար՝ եղել են Հայաստանի սահմաններում։
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց նաև ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Կարեն Կիրակոսյանի հետ, որը, սակայն, նշեց, որ Ալիևը եղել է ոչ թե Սյունիքում, այլ Արցախում։ Ինչ վերաբերում է համարակալմանը, ապա վերջինիս խոսքով՝ համարակալված էին թե՛ Հայաստանի «Սոսու պուրակի» և թե՛ Արցախի «Սոսիների պուրակի» ծառերը, պարզապես այդ համարակալումներն արվել են ոչ միաժամանակ։ «Արցախի տարածքում համարակալումը նույն սկզբունքով ա արված, բայց երկու տարի ուշ: Եթե կոնկրետ ուզում եք իմանաք Ալիևը որտեղ էր, միանշանակ Արցախի վարչական տարածքում էր»,- պատասխանեց Կիրակոսյանը։
Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ «Սոսու պուրակ» արգելավայրում վերջին անգամ ծառերի համարակալում իրականացվել է 2015 թվականին 4×5սմ չափի լամինապատ թղթով, իսկ պետական արգելավայրից դուրս նախարարությունը համարակալում չի իրականացրել։
Ի տարբերություն «Սոսու պուրակի»՝ Արցախի «Սոսիների պուրակում» ծառերի համարակալումն իրականացվել է մետաղյա թիթեղների միջոցով, ինչն իր խոսքում հաստատում է նաև «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահրամ Հայրապետյանը։
Նախարարությունը մեզ ուղարկեց նաև հայաստանյան և արցախյան արգելավայրերի ծառերի համարակալման նմուշներ, որտեղ ևս հստակ երևում է, որ համարակալումն իրականացվել է Հայաստանի դեպքում՝ լամինապատ թղթով, Արցախի դեպքում՝ մետաղյա թիթեղներով։ Ալիևների ընտանիքի կողմից տեղադրված լուսանկարում ծառի վրա երևացող համարակալումն ավելի շատ նման է կոշտ թիթեղի, քան լամինապատ թղթի։ Բացի այդ, «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս պնդում է, որ լուսանկարում երևացող համարակալումն արված է հենց իրենց կողմից։
Լուսանկարներում լամինապատ թղթով արված համարակալումներն արվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ մետաղյա թիթեղով համարակալումները՝ «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի։
Այսպիսով, փաստենք, որ «Սոսու պուրակ» և «Սոսիների պուրակ» պետական արգելավայրերը նույնը չեն։
«Սոսու պուրակն» ամբողջովին եղել և մնում է Հայաստանի Հանրապետության սահմաններում, իսկ «Սոսիների պուրակը» ստեղծվել է 2018 թվականին և ամբողջովին գտնվում էր Արցախի տարածքում։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից Արցախում համարակալում չի իրականացվել։ Երկու արգելավայրերում իրականացված համարակալումը իրականացվել է տարբեր մեթոդներով։
Ալիևների ընտանիքի լուսանկարում երևացող ծառի վրա արված համարակալումն իրականացվել է մետաղով և ոչ թղթով, հետևաբար՝ գտնվում է Արցախի տարածքում։ Եվ փաստացի՝ պատգամավոր Աննա Գրիգորյանն արել է պնդումներ, որոնք հիմնավորված չէին։
Սևադա Ղազարյան