Մարտի 24-ին Ուկրաինայի Ազգային գվարդիան ինֆոգրաֆիկա հրապարակեց Թվիթերի իր միկրոբլոգում, որում նշվում է, թե պատերազմի 22 օրերի ընթացքում Ուկրաինայի վրա ընկել է շուրջ 1100 հրթիռ, մինչդեռ Սիրիայում՝ հինգ տարիների ընթացքում, միայն 100 հրթիռ։
#Ukraine 🇺🇦 pic.twitter.com/ZUl0Y1ha5O
— НГУ (@ng_ukraine) March 24, 2022
Հրապարակումը առնվազն մանիպուլյատիվ է և ապակողմնորոշող առաջին իսկ հայացքից։ Այն տպավորություն է ստեղծում, թե պատերազմի հետևանքներն անհամեմատ ավելի ահռելի են Ուկրաինայում, քան Սիրիայում ավելի քան տասը տարի տևող պատերազմում։
Հինգ տարի
Ուկրաինական Ազգային գվարդիայի պաշտոնական էջը նշում է Սիրիայում պատերազմի հինգ տարիներին արձակված հրթիռների քանակը։ Սիրիայում քաղաքացիական պատերազմը, որին ժամանակի ընթացքում ներգրավվել են մի շարք այլ երկրներ, սկսել է 2011-ին՝ այս օրերին։ Որևէ մեկնաբանություն, թե ինֆոգրաֆիկայի հեղինակները այդ 11 տարիներից որ հինգն են ընտրել, չկա։
Այս տարիների ընթացքում, ըստ տարբեր տվյալների, Սիրիայում զոհվել է ավելի քան 160 հազար քաղաքացիական անձ։ Զոհերի ընդհանուր թիվը՝ ներառյալ մարտական, տատանվում է 400 հազարից մինչև 600 հազարի միջև։
Պատերազմի ընթացքում փախստական է դարձել շուրջ 6․6 միլիոն սիրիացի, գրեթե նույնքան մարդ տեղահանվել է երկրի տարածքում։ Երկրի բնակչությունը 2011-ին և դրան նախորդող տարիներին մոտ 20 միլիոն էր։
Տարընթերցումների տեղիք է տալիս նաև հրթիռների տեսակները չնշելը, քանի որ եթե աղբյուրը նկատի ունի հինգ տարիների ընթացքում արձակված հրթիռներն առհասարակ, ապա հրապարակումը բացահայտ կեղծ է, իսկ եթե, օրինակ, ներառված են միայն տակտիկական հրթիռային հարվածները, ապա հրապարակումն առնվազն մանիպուլյատիվ է։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սիրիայում կիրառված հրթիռների որոշ վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են, որ ցանկացած դեպքում Ուկրաինական կողմի պնդումներն անհիմն են։
Ովքեր են հարվածել Սիրիային և որքան
2017 թվականի ապրիլի 7-ին ամերիկյան զորքերը Սիրիայի ուղղությամբ արձակել են 59 Tomahawk թևավոր հրթիռներ։ Սա, ըստ ԱՄՆ-ի, հատուկ ռազմական գործողություն էր՝ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքերի տարածումը և օգտագործումը կանխելու համար։ Ըստ տվյալների՝ սպանվել էր առնվազն 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ։
Մեկ տարի անց՝ 2018-ին ապրիլի 14-ին, Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական ռազմանավերը շուրջ 120 նույն տեսակի հրթիռ են ուղարկել Սիրիա։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այդ օրը սպանվել էր շուրջ 40 մարդ։ Ըստ Ամերիկյան պնդումների՝ թիրախավորվել էին Սիրիայի քիմիական զենքերի արտադրամասերը և պահեստները։
Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ՝ հիմնականում ավիահարվածներ, իրականացնում է նաև Իսրայելը: Քաղաքացիական պատերազմի ընթացքում Իսրայելը հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայի տարբեր թիրախների։
Մի քանի կազմակերպություններ փորձում են նաև ամբողջական պատկեր տալ՝ Սիրիական պատերազմում կողմերի հարձակումների և քաղաքացիական զոհերի մասին։
Այսպես, Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի կառավարական և ռուսական զորքերը ևս պարբերաբար հրթիռային հարվածներ են հասցնում հակառակորդներին։ Ըստ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում պատերազմական հետազոտություններ իրականացնող Airwars կազմակերպության տվյալների՝ Ռուսաստանը Սիրիայում 2017 թվականից սկսած ավելի քան 45,000 հրթիռային հարված է իրականացրել։ Միայն ռուսական հարվածների հետևանքով քաղաքացիական զոհերի քանակը տատանվում է 15 հազարից 25 հազարի միջև։
2014 թվականից սկսած՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում հասցրել է շուրջ 19,000 հրթիռային հարված։ Քաղաքացիական զոհերի թիվը հասնում է մի քանի հազարի։
Սիրիական պատերազմը նաև վերջին տարիներին քիմիական զենքերի օգտագործման հիմնական «հարթակներից» է։
2019 թվականին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի տարածքում ավելի քան 300 անգամ կիրառվել են քիմիական կամ քիմիական զենքի տարրեր պարունակող հրթիռներ` դեպքերի 98 տոկոսը՝ Ասադի կառավարության կողմից։ Ըստ հետազոտության՝ մյուս դեպքերում քիմիական զենքերի կիրառողը «Իսլամական պետությունն» է եղել։
Այսպիսով, Ուկրաինայի ռազմական կառույցի պաշտոնական էջում հրապարակված՝ Սիրիայում պատերազմի հետ համեմատությունը թերի է, անհստակ և մանիպուլյատիվ։
Անի Ավետիսյան
Հակոբ Կարապետյան