Արդեն ավելի քան 9 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է: Նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 280 օր և այսօր նրա վերջին ծննդյան օրն է Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Մենք փորձեցինք հավաքել Սարգսյանի Top-10 ստերն ու սուտ խոստումները։
Եվ այսպես՝
1․ 2017 թ․-ի մայիսին վեցերերոդ գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակներում Սերժ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ 2016-2040թթ. ՀՀ-ում ծրագրված է ապահովել տարեկան միջին 5% տնտեսական աճ՝ այդպիսով ՀՆԱ ցուցանիշը ներկայիս 10,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնելով մոտ 60 մլրդ դոլարի: Եթե 10,5 մլրդ դոլար 2016-2040թթ․ տարեկան 5%-ով աճի, ապա 2040-ին այն կհասնի 33,9 մլրդ դոլարի։ Այս թվաբանական հակասության մասին մանրամասն կգտնեք այստեղ:
2․ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը Երևանում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ես Ձեզ հավատացնում եմ, որ որևիցե տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել․․․ ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները»։ Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցիները 800 հեկտար հող են գրավել։
3․ 2015թ․-ի դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձում Սարգսյանը հայտարարել է․ «Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ»։ Մոտ երեք ամիս հետո Արցախում հայկական բանակը, ըստ էության, չկարողացավ ամբողջությամբ դիմագրավել ադրբեջանական հարձակմանը և տարածքներ զիջեց, այնինչ 1990-ականների իրավիճակը հակառակն էր: 2016-ի ապրիլին էլ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ «Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով»։
4․ 2014 թ․ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար և խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: 2016 թ․-ի հոկտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե «արդյո՞ք դուք դիտարկում եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը հայտարարել է․ «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը․․․ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»՝ այդպիսով չբացառելով իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորթյունը։
5․ 2013 թ․-ի մարտին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հորդորել է չհավատալ բոլոր այն մարդկանց, ովքեր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, խոհանոցներում կամ թատրոններում հայտարարում են, որ ռուսները Հայաստանին պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Մոտ հինգ ամիս հետո Սարգսյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդպիման ժամանակ որոշեց, որ Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ։
6․ Վերը նշված ասուլիսի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է, որ այն կառավարությունը, որ 2013-2017 թթ․ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ չգրանցի, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Մինչև այսօր ոչ մի կառավարություն 7 տոկոս աճ չի ապահովել, բայց և նման պատճառով որևէ կառավարություն հրաժարական չի տվել։
7․ 2011թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը», բայց մինչև այսօր Երևան-Ստեփանակերտ թռիչքները եղել են բացառապես երկտեղանոց ինքնաթիռով՝ առանց Սերժ Սարգսյանի։
8․ 2008 թ․-ի դեկտեմբերին Գյումրիում Սարգսյանը հայտարարել է «Հաշված տարիներ հետո կկարողանանք հաղթահարել աղետի բոլոր հետևանքները։ Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»։ Այսօր էլ մեծաթիվ ընտանքիներ Գյումրիում ապրում են տնակներում։ Աղետի գոտու վերացման խոստումների ժողովածուն կգտնեք այստեղ:
9․ 2008 թ․-ի հոկտեմբերի 2-ին ժողովրդին ու խորհրդարանին ուղված ուղերձում Սարգսյանը հայտարարել է․ «Առաջիկա ամսիների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Մինչև այսօր նոր ատոմակայանի շինարարություն չի սկսել և տեսանելի ապագայում նման հեռանկար չի նշմարվում:
10․ Նույն ուղերձի ժամանակ Սարգսյանը նաև հայտարարել է․ «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»։ Մինչև այսօր երկաթուղու շինարարությունը չի սկսել, փոխարենը ռուսական ներդրումներով կառուցվում է Իրան-Ադրբեջան երկաթուղին, որը շրջանցում է Հայաստանը:
Արմեն Գրիգորյան