168 TV-ի Review հաղորդման հոկտեմբերի 10-ի թողարկման ընթացքում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին իշխանություններին ուղղված՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեղադրանքների համատեքստում անդրադարձել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Զոհրաբյանը, մասնավորապես, փորձել է վերարտադրել այդ ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը ընթերցելու և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու դրվագը՝ նշելով, որ մի քանի հարցադրումներ են ուղղվել վերջինիս։
«Հարց առաջին՝ ի՞նչ տարածքով է Հայաստանը մտնում ԱՊՀ, ի՞նչ ռեժիմ է տնտեսական Արցախում, ՀՀ-ի և Արցախի միջև մաքսային գոտի կա՞, թե՝ ոչ։ Սերժ Սարգսյանը շատ հստակ պատասխանեց, որ Արցախը և ՀՀ-ն նույն տնտեսական գոտում են՝ մեկ, Արցախում ՀՀ-ի արտարժույթն է՝ երկուս, մաքսային որևէ կետ և մաքսային որևէ ռեժիմ ՀՀ-ի և Արցախի միջև չկա, ավելին՝ դա նշանակում է, որ Արցախում արտադրված ապրանքները նույն ռեժիմով իրավունք պիտի ունենան ԱՊՀ երկրներում առաքվելու, իրացվելու»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի այդ պարզաբանումից հետո հարցը դրվում է քվեարկության, և Նազարբաևը, Պուտինը և բոլոր մասնակիցները կողմ են քվեարկում:
Սերժ Սարգսյանը չի պատասխանել Նազարբաևի՝ Ալիևի խնդրանքով հնչեցրած հարցադրումներին
Նաիրա Զոհրաբյանը, նախ, երկու անգամ վրիպակ է թույլ տալիս․ նկարագրված դրվագը տեղի է ունեցել ոչ թե ԱՊՀ, այլ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ քվեարկվել է Հայաստանի՝ կառույցին անդամակցելու հարցը։
Այդ ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով Սերժ Սարգսյանին, ընթերցում է Իլհամ Ալիևի նամակը, որում վերջինս տեղեկացնում էր, որ ՀՀ-ն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։
«Մի հարց, որը հնարավոր է՝ կարելի էր և լուծել ավելի ուշ, այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ, բայց կիրառեք այն, ինչ դուք կիրառել եք Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելիս, որպեսզի այնտեղ մեր գործընկերներից մեկը (Ալիևը,- խմբ․) չմտահոգվի Ադրբեջանում։ ԱՀԿ-ի կողմից արձանագրված սահմանների շրջանակում, դուք այդպես եք անդամակցել այդ կառույցին, նախադեպը կա։ Մենք՝ բոլոր նախագահներս, ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը այն մասին, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է պայմանով, որ դրույթները գործելու են ՀՀ-ի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում միայն։ Պայմանավորվեցի՞նք»,- ասել էր Նազարբաևը՝ փոխանցելով Ալիևի հարցադրումները։
Նիստի ընթացքում, սակայն, Սերժ Սարգսյանը չի պատասխանել Ղազախստանի նախկին նախագահի կողմից Ալիևի հնչեցրած հարցադրումներին։
Այս փաստը հաստատել են անգամ երրորդ նախագահի թիմակիցները։ Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միջադեպից 7 տարի անց՝ 2021 թվականին, պարզաբանելով այն, ասել է, թե Իլհամ Ալիևի նպատակն էր «սադրել ու կանխել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»:
«Չտրվելով սադրանքին՝ Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Հայաստանի համար հարցը լուծվեց»,- ասել է Աշոտյանը:
Ավելին, միմյանց հակասում են նաև Զոհրաբյանի պնդումներն ու միջադեպից որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանի տված պարզաբանումները։
Օրինակ՝ 2014 մայիսի 31-ին Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը երրորդ նախագահը, անդրադառնալով այդ միջադեպին, նշել է․ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում»։
Ավելի ուշ էլ՝ նույն թվականի հունիսի 18-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է ԵԱՏՄ-ին իր իսկ կողմից ճանաչած սահմաններով։
«Այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին։ Որևէ մեկը կա՞, որ էստեղ հարց առաջացնի կամ ասի՝ այս մոտեցումը սխալ է, վստահ եմ, որ ոչ»,- ասել է Սարգսյանը։
Այսպիսով, Նաիրա Զոհրաբյանն աղավաղում է փաստերը․ 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Նազարբաևի կողմից ընթերցված Ալիևի նամակին Սերժ Սարգսյանը չի արձագանքել այդ նիստի ընթացքում։ Իսկ Զոհրաբյանի՝ այդ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանին վերագրվող մտքերը չեն համապատասխանում անգամ այդ համատեքստում վերջինիս՝ ավելի ուշ արտահայտած հրապարակային դիրքորոշումներին։
Նանե Մանասյան