Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ տարիներ առաջ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել նմանատիպ հանդիպման:
Ալիևը, մասնավորապես, նշել էր. «Հնարավորություն է եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուղերձները հղել մի քանի տարի առաջ Դավոսում, ենթադրվում էր, որ պարոն Փաշինյանին նախորդած ղեկավարը մասնակցելու է, բայց նա վերջին պահին չեղարկեց մասնակցությունը»:
Այս հայտարարության իսկությունը պարզելու համար «Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց երրորդ նախագահի գրասենյակ։
«ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին բազմիցս առաջարկվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել Լեռնայի Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկումների»,- հաստատեցին Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ ի պատասխան մեր հարցման։
Բացի սա, երրորդ նախագահի գրասենյակից նշեցին, որ հրավերները մերժվել են, քանի որ Սերժ Սարգսյանն այդ ձևաչափով հանդիպումներն արդյունավետ չի համարել: «Այդ ձևաչափով շփվելու՝ համաժողովը նախագահողի առաջարկները մշտապես մերժվել են՝ այն համոզմամբ, որ տվյալ պարագայում առաջարկվող ձևաչափն արդյունավետ չէ, և նման շփումները որևէ կերպ չեն կարող նպաստել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջընթացին»,- ասվում է նախկին նախագահի գրասենյակի պատասխանում:
Այսպիսով, իրոք, Սերժ Սարգսյանը ժամանակին ստացել է Ալիևի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում բաց հանդիպում ունենալու հրավերներ, սակայն մերժել է դրանք՝ համարելով այդ ձևաչափն անարդյունավետ։
Լուսինե Ոսկանյան