Փետրվարի 8-ին, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ իր հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ «ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն բացասական դեր է կատարում, Արցախը Միացյալ Նահանգների համար միայն օժանդակ լծակ է», — մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի այցը Բաքու՝ ասել է քաղաքագետը։
Ըստ Շաքարյանցի՝ Միացյալ Նահանգների գործող և պաշտոնաթող շատ պաշտոնյաներ բիզնես հետաքրքրություններ ունեն Ադրբեջանում, իսկ Արցախի կարգավորման հարցը օգտագործվում է դրան օժանդակող լծակ, որի նպատակն է «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը կյանքի կոչելը։
Այդուհանդերձ, նկատենք, որ համանախագահների տարածաշրջան այցի մասին հայտնի էր դեռևս հունվարի 18-ին։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Միջնորդները այցելելու են ոչ միայն Բաքու, այլև Երևան և Ստեփանակերտ։ Ըստ նախատեսվածի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարի 6-7-ը եղել են Բաքվում, 7-9-ը՝ Երևանում, այնուհետև ուղևորվել Ստեփանակերտ։
Սերգեյ Շաքարյանցը նաև նշում է, որ համանախագահ Շեֆերը իր գործընկերներից ավելի շուտ է այցելել Բաքու՝ տեսնելով այստեղ ինչ-որ «հետին մտքեր»։ Մինչդեռ սա ընդունված պրակտիկա է և որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Այս միտքը հաստատել է նաև Հայաստանի ԱԳՆ քարտուղար Տիգրան Բալայանը։ «Դա նորմալ է, հաճախ այնպես է լինում, որ համանախագահներից ինչ-որ մեկն առաջինն է ժամանում երեք շահագրգիռ մայրաքաղաքներից մեկը», — մասնավորապես ասել է Բալայանը։ Մինդեռ «Սպուտնիկն» այցն անվանել է «ռևերանս Բաքվին»։
Շաքարյանցը, սակայն, շարունակում է իր վերլուծությունը՝ Արցախյան հարցը կապելով 2003 թվականին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից առաջարկած «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի հետ։ Թե ինչ կապ ունեն այս երկու հանգամանքները նա չի հստակեցնում, բայց եզրահանգում՝ այդքանից հետո ԱՄՆ-ին «հայերի բարեկամ» համարելը քաղաքական անհեռատեսություն է։
Թե ո՞ր երկիրն է օգտվում Արցախյան կարգավորման խնդրից, ավելի ճիշտ չկարգավորումից, հայտնի է թերևս բոլորին՝ Ռուսաստանը։ Տրամաբանական է, որ որևէ ռազմական կոնֆլիկտ չի կարող երկար տևել, եթե չլինի ռազմական սպառազինություն, իսկ կողմերի հնարավորությունները բալանսավորված լինեն։
Ե՛վ Եվրամիությունը, ի դեմս Ֆրանսիայի, և ՛ ԱՄՆ-ն կոնֆլիկտի խաղաղ լուծմանը միջնորդելուն զուգահեռ կողմերին չեն մատակարարում հարձակողական զենքեր։ Համանախագահող 3 երկրներից միայն Ռուսաստանն է, որը մի կողմից հաստատում է խնդրի ռազմական լուծման անհնարինությունը, մյուս կողմից՝ զենք վաճառելով կողմերին, տնտեսական օգուտներ ստանում։