Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, iravaban.net կայքը, հղում անելով թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառմանը, նյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզի Սեթանց գյուղը ևս հանձնվում է Ադրբեջանին։
Հատկանշական է, որ թեև Վարուժան Գեղամյանը հեռացրել է վերոնշյալ գրառումը, սակայն հրապարակումը տարածվել է սոցիալական ցանցերում։
Իրականում, Սեթանց գյուղը Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս է և չի գտնվում Սյունիքի մարզում։ ՀՀ-ում Սեթանց անունով գյուղ չկա։ Նշված գյուղը Արցախի Քաշաթաղի շրջանի տարածքում է, իսկ ըստ Ադրբեջանի վարչական բաժանման՝ Կուբաթլուի շրջանի։
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի համայնքապետ Հակոբ Արշակյանը նշեց, որ Սեթանց գյուղի տարածքում են եղել Սյունիքի մարզի մի քանի դիրքեր, որոնք վերջին հրամանով պետք է թողնել։
Հիշեցնենք, որ սահմանազատման աշխատանքների արդյունքում հայկական կողմը այսօր թողել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի մերձակա դիրքեր։
Անի Ավետիսյան