Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր զերծ չեն մնացել կեղծ և մոլորեցնող հրապարակումներ տարածելուց։
«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում մանիպուլացնող կամ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:
Խաշթառակի ողբերգական դեպքի մասին շփոթեցնող հրապարակումները
Լրատվամիջոցները շաբաթվա սկզբին գրեցին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում Հակոբջանյանների ընտանիքի նոր ողբերգության մասին։ «Խաշթառակում ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է» վերնագրով Armenpress.am-ի հրապարակումը տարածվեց մի շարք կայքերում, որից հետո հստակեցվեց, որ մահացածը դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրն է, որը հոգեբուժարանից տեղափոխվել էր «Սևանի» ԲԿ, որտեղ էլ մահացել էր։
Նույն դեպքի առիթով armtimes.com-ը գրեց. «Մահացել է կապտուկներով և մկնդեղային թունավորմամբ Խաշթառակից հոսպիտալացված երեխաների քեռու կինը»։
«Սևանի ԲԿ-ում, իրոք, մահացել է խաշթառակցի մի կին, սակայն նա նշված գործի հետ կապ չունի»,- կայքի հետ զրույցում նշել էր Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը, որը նաև հավելել էր, որ շատերն են թյուրիմացաբար մտածել, թե մահացողը ծեծված երեխաների մայրն է, սակայն նա մեղադրյալը չէ, այլ նրա եղբոր կինը, որ նշված գործի հետ որևէ առնչություն չունի։
Fip.am-ը փորձեց հստակեցնել, թե ո՞վ էր իրականում մահացողը և ի՞նչ կապ ուներ նա այս ընտանիքի հետ։
Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մահացած կինը ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրն է։ Նա հստակեցրեց, որ Հակոբջանյանների ընտանիքը 12 հոգուց էր բաղկացած, որից 7-ը՝ անչափահաս։ Նույն տանն են ապրել տատն ու պապը` Էմմա և Սամվել Հակոբջանյանները, նրանց երկու երեխաները` Անուշավանը և Մարիաննան, ինչպես նաև Անուշավանի կինը՝ Անուշ Բադալյանը, որը 28 տարեկան էր։ Անուշավանը և Անուշը ունեցել են երկու երեխա՝ 6 և 4 տարեկան, իսկ մյուս 5 երեխաները Մարիաննայինն են։
Այսպիսով, մահացողը ընտանիքի հարսն էր՝ Անուշավան Հակոբջանյանի կինը՝ Անուշ Բադալյանը, որի 6-ամյա տղան ևս օրեր առաջ մահացել էր դաժան ծեծի հետևանքով։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 18-ին պապը՝ Սամվել Հակոբջանյանը, ձեռքի փայտով հարվածել էր 2 թոռներին, նրանիցից 6-ամյա տղան Անուշավանի որդին էր, իսկ 4-ամյան՝ Մարիաննայի:
Երեխաները տեղափոխվել էին հիվանդանոց։ 6-ամյա տղան մահացել էր՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Բացի այդ, հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին, թունավորմամբ «Մուրացան» հիվանդանոց էին տեղափոխվել նաև Մարիաննայի 4 երեխաները և Անուշավանի մյուս երեխան։ Քննությամբ պարզվել էր, որ Մարիաննան նույնպես պարբերաբար, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ինչպես իր 5 անչափահաս երեխաներին, այնպես էլ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիներին։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։
Տրանսգենդերների թեման անցնող շաբաթ ևս արդիական էր
Նախորդ շաբաթ սեռական փոքրամասնությունների թեման ևս աննկատ չմնաց։ Լրատվամիջոցները տարածել էին «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի գրառումը, որում վերջինս գրել էր, որ «իԳործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ 100 մասնագետներն արդեն անցել են աշխատանքի, և կից հրապարակել էր լուսանկար, որում պատկերված երիտասարդ տղայի արտաքին տեսքը՝ դեղին մազերը, քննարկման և քննադատությունների առարկա էր դարձել։
Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանն էլ գրել էր, որ «դեղին ներկած մազերով անսեռ աղջիկը» աշխատանքի է անցել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում՝ որպես մշակույթի բաժնի մասնագետ:
Տարածված լուրը Hraparak.am-ի հետ զրույցում հետագայում հերքել էր Սարիգյուղի համայնքապետ Սեյրան Սարիբեկյանը։ «Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա, այդ նկարներն էլ եսիմ որտեղից են վերցրել»,- նշել էր նա։ «Հրապարակն» էլ տեղեկատվությունը հերքող նյութը վերնագրել էր. «Գյուղացիները հետաքրքրվել են՝ արդյոք տրանսգենդերն իրենց համայնքապետարանում աշխատելո՞ւ է»։
Նկարում պատկերված տղան էլ տրանսգենդեր չէ։ Պարզաբանում էր տարածվել Project SARI ֆեյսբուքյան էջից, որտեղ սարիգյուղցիներին կոչ էր արվել չտրվել սադրանքների և ճշտել նյութերի աղբյուրները:
Ըստ նրանց՝ իրենց էջից վերցված նկարներով տարածվել է ապատեղեկատվություն։
«Շեկ մազերով տղան՝ կանադացի DJ Jesse Osborne Lanthier-ն է, որն այցելել էր Հայաստան 2019 թ. հոկտեմբերին Synthposium փառատոնի շրջանակում։ Նա եղել է նաև Սարիգյուղում՝ դասընթաց վարելու նպատակով։ Նույն ժամանակաշրջանում Սարիգյուղ են այցելել անթվելի ծրագրերով բազմաթիվ այլ մասնագետներ՝ տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանի տարբեր անկյուններից»,- գրել էին նրանք։
Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ձերբակալման հանգամանքները մանիպուլացվեցին
Հայաստանյան լրատվամիջոցները՝ Panorama.am-ը, Armtimes.com-ը, News.am-ը, Aravot.am-ը և այլ կայքեր, սեպտեմբերի 8-ին, հղում տալով ռուսաստանյան լրատվամիջոցներին և Բելառուսի պաշտոնական աղբյուրներին, գրեցին, որ Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանն ապօրինի հատելու ժամանակ: «Իշխանության զավթման համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովն այս գիշեր փախել են արտերկիր: Այժմ նրանք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- գրել էր News.am-ը:
Հայկական լրատվամիջոցները, առանց ընդդիմադիրների կողմի տեսակետի, վերարտադրել էին Բելառուսի իշխանությունների պաշտոնական տեսակետը, մինչդեռ ընդամենը ժամեր անց ԶԼՄ-ներում հայտնվել էին նաև Բելառուսի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող աղբյուրների տեղեկություններ: Մասնավորապես, Интерфакс Украина-ն հայտնել էր, որ ընդդիմադիր գործիչներին բռնի կերպով են հասցրել Ուկրաինայի հետ սահման:
Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն հաստատել էր, որ սահմանին Կոլեսնիկովային ստիպել են հեռանալ երկրից և նա, դեմ գնալով, պատռել է անձնագիրը:
Նելլի Լազարյան