Օրերս, վեցերերոդ գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայաստանի երկարաժամկետ զարգացման տեսլականը ներկայացնող ծավալուն ելույթով, որտեղ նա նաև անդրադարձ կատարեց մի շարք հիմնական ցուցանիշների՝ 2040թ. համար նախատեսված թիրախային արժեքներին:
Ցավոք, այդ ցուցանիշներից շատերը, բացի չափազանց հավակնոտ լինելուց նաև չափազանց հեռու են իրականությունից:
Տնտեսական աճ
Իր ելույթի տնտեսությանը նվիրված հատվածում Սարգսյանը նշեց, որ 2016-2040թթ. ՀՀ-ում ծրագրված է ապահովել տարեկան միջին 5% տնտեսական աճ՝ այդպիսով ՀՆԱ ցուցանիշը ներկայիս 10,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնելով մոտ 60 մլրդ դոլարի:
Նախ նշենք, որ ՀՆԱ-ի ավելի քան 5,5 անգամ աճն ապահովելու համար անհրաժեշտ կլինի ոչ թե տարեկան 5%, այլ մոտ 7,5% տնտեսական աճ: Տնտեսական աճի այս մակարդակի անիրատեսությունը հասկանալու համար բավ է նշել, որ 2016թ. տնտեսական աճը Հնդկաստանում կազմել է 7,73%, Չինաստանում`6,37%, իսկ ահա ԱՄՆ-ում՝ 1,6%: Մյուս կողմից, 2016թ. Հայաստանում գրանցվել է ընդամենը 0,2% տնտեսական աճ, իսկ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2017թ. և 2018թ. ՀՀ-ում ակնկալվում է մոտ 2,9% տնտեսական աճ, որը բավականին հեռու է և´ ծրագրված 5.5%, և´ 7.5% ցուցանիշներից:
Աղքատություն
Շարունակելով իր ելույթը՝ Սարգսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում աղքատության մակարդակը նախատեսված է կրճատել նվազագույնը մինչև 18%, իսկ ահա մինչև 2040թ.՝ մինչև 8%:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ աղքատության վերին շեմին՝ 41.698 դրամին համարժեք լինելու պայմաններում 2015թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,8%: Սա նշանակում է, որ ՀՀ-ում մոտ 900 հազար քաղաքացի աղքատ է, որից մոտ 300 հազարը շատ աղքատ է, իսկ մոտ 60 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Ավելին, եթե աղքատության շեմը հավասարեցնենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (49 հազար դրամ), ապա կտեսնենք, որ իրականում աղքատների թիվը մեր հանրապետությունում գերազանցում է 1 միլիոնի սահմանագիծը:
Այս պայմաններում, աղքատության թիրախավորված կրճատման համար անհրաժեշտ կլինի ապահովել բնակչության եկամուտների շարունակական աճ: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ անգամ բարձր տնտեսական աճի պայմաններում Հայաստանում եկամուտների բաշխումը տեղի է ունենում խիստ անհամաչափ, ինչի մասին վկայում է այն, որ 2008թ. համեմատությամբ եկամուտների բաշխման համաչափությունը գնահատող Ջինիի ինդեքսը նկատելիորեն վատթարացել է՝ 0.339-ից հասնելով 0.374-ի:
Արտագաղթը
Սարգսյանի ելույթի մեկ այլ հատված նվիրված էր Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Ըստ նախագահի՝ արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի և կյանքի տևողության երկարացման հաշվին հնարավոր է մինչև 2040թ. ՀՀ բնակչությունը հասցնել 4 միլիոնի:
Ժողովրդագրական իրավիճակը արտացոլող վիճակագրական ցուցանիշները, սակայն, բոլորովին այլ հեռանկարներ են ուրվագծում. 2015թ. համեմատությամբ 2017թ. առաջին եռամսյակում ծնունդների բացարձակ թիվը անկում է ապրել ավելի քան 10%-ով` 9400-ից հասնելով 8534-ի, իսկ դրան հակառակ՝ մահվան դեպքերը ավելացել են մոտ 4%-ով: Արդյունքում, ՀՀ-ում բնական հավելաճի բացարձակ ցուցանիշը 2015թ. համեմատությամբ 2017թ. առաջին եռամսյակում անկում է ապրել շուրջ 70%-ով՝ հասնելով ընդամենը 497-ի:
Ավելորդ է խոսել նաև արտագաղթի ահագնացող չափերի մասին. 2016թ. ընթացքում ՀՀ տարածքը լքել է 49 հազարով ավել մարդ, քան մտել հանրապետություն, ինչը մոտ 11%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետք է նշել նաև, որ 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքը արդեն հասցրել է լքել մոտ 16 հազար մարդ:
Հաշվի առնելով տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական հիմնական ուղղություններով գրանցված իրավիճակը՝ անհայտ է մնում, թե թիրախավորված ցուցանիշները ի՞նչ աղերս ունեն իրականության հետ և թե ինչպե՞ս են դրանք ապահովվելու: