Շուրջ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվեց հանձնաժողովականներին, որ վերջիններս Սահմանադրության նոր նախագիծը գրելիս անկախ գործեն: Որպես գլխավոր երաշխիք՝ Սարգսյանը վստահեցրեց, թե չի հավակնում երկրի վարչապետի պաշտոնին, եթե հանձնաժողովը որոշի, որ երկրի կառավարման համակարգը պետք է դառնա խորհրդարանական: «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի հայտարարությունից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց. «Ամենաուշագրավ կողմն այն է, որ Սերժ Սարգսյանը բացառում է իր առաջադրումը: Դա Սերժ Սարգսյանի ինքնաբացառումն է»:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն էլ 2015 թվականին հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություններով հիմք է ստեղծվել խաղաղ իշխանափոխության համար: «Նա, ով չի ստեղծում հիմք խաղաղ իշխանափոխության համար, և դա իմ խոսքը չէ, դա հայտնի խոսք է, նա իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ»,- ասել էր նախարար Հարությունյանը:
Այդ ամենից հետո ՀՀԿ-ական գործիչները սկսեցին լեզվաբանական վերլուծություններ անել և պնդել, որ Սերժ Սարգսյանը չի ասել, որ չի առաջադրվելու, այլ ասել է, որ չի հավակնում առաջադրվել, և որ դրանք տարբեր բաներ են: Իսկ արդեն այս տարի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե վարչապետի թեկնածուների վերաբերյալ քննարկումներն ո՞ւմ շուրջ են տեղի ունենում, ասել է, որ «բացի Սերժ Սարգսյանից որևէ այլ անուն չի էլ քննարկվել, այլ կարծիք չի էլ եղել»: