168 TV-ի տաղավարում միջազգայնագետ ներկայացող Արմեն Մանվելյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած, այսպես կոչված, «գազային պայմանագիրը» Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ բնական գազի ներմուծման մենաշնորհային իրավունք չի վերապահում։
«Ամենամեծ սուտը, որ տարածվում է այդ պայմանագրի մասին, այն է, թե իբր այդ պայմանագիրը մոնոպոլ իրավունք է տալիս, և մենք այլ երկրից չենք կարող ներմուծել։ Սա սուտ է։ Թող մտնեն Gov.am, քթնեն էդ պայմանագիրը ու հստակ ցույց տան էն կետը, որով արգելված է Հայաստանին այլ երկրից գազ ներմուծել»,— ասում է 168 TV-ի հաղորդման հյուրը։
Ինչի մասին էր Սարգսյանի գազային պայմանագիրը
«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս է ուսումնասիրել 2013 թվականի դեկտեմբերին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, ինչպես նաև գազի գների ձևավորման կարգի մասին համաձայնագիրը։
Առաջին համաձայնագրի 1-ին հոդվածով ռուսաստանյան «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոս բաժնեմասը՝ այն ժամանակվա փոխարժեքով մոտ $156․3 մլն-ի դիմաց։ Փաստացի, Ռուսաստանին էին տրվում Հայաստանի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը, գազի ստորգետնյա պահեստավորման օբյեկտներն ու գազային համալիրի ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։
Ընդ որում, նույն հոդվածը սահմանում էր՝ գործարքն իրականացվելու է ՀՀ ներպետական օրենսդրության շրջանցմամբ՝ առանց հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումներն ունենալու։
Նույն հոդվածով ռուսական կողմին էր վերապահվում իրավունք օտարել ընկերության գույքն ու իրավունքները՝ առանց հայկական կողմին հարցնելու։
Ուշագրավ է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով «Գազպրոմին» է վերապահված անգամ ՀՀ բնական գազի առաքման ծավալների, ժամկետների, գնի սահմանումը։
Իսկ հոդված 5-ով Հայաստանին է պարտադրվում սպառողներին մատակարարվող գազի գնի սահմանումը, պարբերական վերանայումը ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ՝ «համաձայնագրի հավելվածում սահմանված կարգով»:
Փաստացի, 168 TV-ի հյուրի պնդումը, թե գազային համաձայնագրում չկա ՌԴ-ից բացի այլ երկրներից գազի ներկրումը արգելող դրույթ, մանիպուլյատիվ է․ համաձայնագրով ռուսական կողմին են հանձնվել Հայաստանի գազային համալիրի ենթակառուցվածքներն ամբողջությամբ, ինչն առանց ռուսական կողմի թույլտվության Հայաստանի համար անհնարին է դարձնում դրանց օգտագործումն այլ ուղղություններից սպառողների համար գազ մատակարարելու նպատակով։
Սրանից զատ, «Գազպրոմին» են տրվել ոչ միայն հայկական գազային համալիրի ենթակառուցվածքները, այլ նաև դրանք սեփական հայեցողությամբ՝ առանց հայկական կողմի հետ համաձայնության տնօրինելու՝ օտարելու, վերաբաշխելու և այլ իրավունքներ։
Փաստացի, ռուսական կողմին է տրված նաև Հայաստան ներկրվող գազի ծավալները, գինն ու պայմաններ սահմանելու իրավունքը։
Նանե Մանասյան