Հոկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությանը, որի ժամանակ հարց է հնչել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
«Գիտեք, այդ հարցերը, կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակի ավելի լայն համատեքստում»,- պատասխանել է Փաշինյանը (13:50-ից սկսած)։
(“You see, those issues, could be discussed in the context of the wider resolution within the OSCE Minsk Group co-chairmanship.”)
Փաշինյանի այս հայտարարությունը աղավաղվել է որոշ լրատվականների կողմից։ Այսպես, «Հրապարակը», հղում տալով ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը, հետևյալ վերնագիրն է դրել. «Հայաստանը պատրաստ է քննարկել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»։ Իսկ հոդվածում Փաշինյանի խոսքը մեջբերված է որպես «պետք է քննարկվեն», այնինչ նա ասել է «կարող են քննարկվել»։
Ռուսական մի քանի լրատվականներ, օրինակ՝ gazeta.ru և m24.ru կայքերը, ևս գրել են Փաշինյանի կողմից հարցը քննարկելու պատրաստակամության մասին։ «Իզվեստիա» թերթը, չնայած Փաշինյանի խոսքը չաղավաղող վերնագիր է ընտրել, բայց թերթի թվիթերյան էջում հոդվածին կից գրված է, թե իբր Փաշինյանը ասել է, որ Երևանը պատրաստ է քննարկել ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցը։
Այսպիսով, Փաշինյանը «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների հարցը կարող է քննարկվել Մինսկի խմբի շրջանակներում, այլ ոչ թե պատրաստակամություն է հայտնել այդ հարցը քննարկելու։
Հովհաննես Նազարեթյան