Հուլիսի 31-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, մեր 6 խաղաղապահների կյանքի գնով, մեկ օրվա ընթացքում դադարեցվել է Ղարաբաղում իրավիճակի սրումը 2023 թվականի սեպտեմբերին»։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ այդ օրերի բազում վկայությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունները վկայում են՝ ռուս պաշտոնյան ճիշտ չի ներկայացնում իրավիճակը։
Այսպես, Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023-ի հոկտեմբերի 28-ին տված հարցազրույցում հակառակ տեսակետն է հայտնել ռուսական կողմի գործողությունների մասին։ Մասնավորապես, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նա ասել է․
«Ռազմական գործողությունները սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը կարելի է ասել գտնվում էր դիտորդի կարգավիճակում, և մենք պետք է մեր հարցերը ունակ լինեինք կարգավորել։ ՊԲ-ի և այլ ուժային կառույցների ու մեր բնակչության հետ միասին սկսել ենք ռազմական գործողությունների պատասխան գործողությունները։ Այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ, որը տևեց շուրջ 12 ժամ։ Պարզ էր որ անհրաժեշտ էր կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհավասար էին»։
Ինչ վերաբերում է ռուս 6 խաղաղապահների զոհվելու մասին Նաստասինի հայտարարությանը, ապա դա մանիպուլացնող հայտարարություն է, քանի որ ռուս 6 խաղաղապահները զոհվել են ոչ թե ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար, այլ պատահաբար։
Խաղաղապահներն իրականում զոհվել են իրենց տեղափոխող մեքենայի վրա ադրբեջանական կողմից արձակված կրակից, ինչը չի կարող հիմնավորել նրանց ուղղակի մասնակցությունը մարտական գործողություններին։
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունն առաջին անգամ հայտնեց վեց ռուս զինվորների մահվան մասին։ Ադրբեջանական կողմն ընդունել էր, որ սեպտեմբերի 20-ին Ջանաթաղ գյուղի (Մարտակերտի շրջան) մոտ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականները սխալմամբ կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որում եղել են հինգ ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և խորին ցավակցություններ հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ։ Ինչ վերաբերում է 6-րդ զինվորին, ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ նա մահացել է հայկական կողմից արձակված կրակից։
Այսպիսով, Արցախի իշխանությունների հայտարարությունները հերքում են ռուս պաշտոնյայի այն պնդումը, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը տեղի է ունեցել ռուսական միջնորդությամբ և ռուս խաղաղապահների կյանքի գնով։
Արփինե Հովհաննիսյան