Համացանցի հայկական տիրույթում մարտի 24-ի երեկոյան ու մարտ 25-ի առավոտյան ակտիվորեն տարածվեց Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի թվիթերյան էջի գրառումը, որով ողջունվում էին նույն օրը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունները:
Գրառման մեջ ասվում է. «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորների՝ Ուկրաինա մեկնելու փաստից»:
Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Լարված իրավիճակ էր Ասկերանի շրջանի մեկ այլ՝ Խրամորթ գյուղում: Մարտի 25-ի առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Իրականում ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում շարունակում է իր գործունեությունը, իսկ խաղաղապահ զորախմբից Ուկրաինա մեկնած զինվորների մասին որևէ արժանահավատ տվյալ չկա։ Ավելին՝ վերջին լարվածության ընթացքում խաղաղապահները մասնակցում են ադրբեջանցիների հետ հայկական կողմի բանակցություններին:
«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հետևաբար, ուկրաինական խորհրդարանի թվիթերյան գրառման պնդումը, թե Արցախից ռուս զինվորներ են տեղափոխվել Ուկրաինա, որևէ կերպ հիմնավորված չէ և մանիպուլյատիվ է:
Նշենք, որ ուկրաինական խորհրդարանի թվիթերյան գրառումը մեծ աղմուկ հանեց հայ օգտատերերի շրջանում։ Այն դատապարտում էին ոչ միայն հայ օգտատերերը, այլև որոշ ուկրաինացի օգտատերեր՝ համարելով, որ դիկտատոր Ալիևի վարած էթնիկ զտման քաղաքականությանը չի կարելի աջակցել:
Ի վերջո, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության միջամտությամբ թվիթը հեռացվեց:
Լուսինե Ոսկանյան
Նարեկ Մարտիրոսյան
Հակոբ Կարապետյան