Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև ձերբակալված անձանց լայնածավալ փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձողների մեջ էր նաև ռուսական ծագումով իսպանացի «լրագրող» Պաբլո Գոնսալեսը։ Նրա իրական անունը, պարզվեց, Պավել Ռուբցով է, և նա ոչ թե լրագրող է, այլ լրտես։
Գոնսալես-Ռուբցովը Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալվել էր 2022-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով փախստականների ճգնաժամը լուսաբանելու ընթացքում։ Ըստ մեղադրանքի, նա իր լրագրողական գործունեության ամբողջ ընթացքում լրտեսել է Մոսկվայի համար և տեղեկություններ հավաքել ինչպես պատերազմական գոտիներից, այնպես էլ մի շարք ռուս ընդդիմադիր գործիչների մասին։
«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է փաստեր ու տեղեկություններ՝ արցախյան պատերազմին որոշակի առնչություն ունեցած լրագրողի գործունեության հետաքրքիր դրվագների մասին։
Պաբլո Գոնսալեսը՝ Արցախում
Հայկական շրջանակներում Գոնսալես-Ռուբցովը հայտնի դարձավ 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում։ Նա հանդես էր գալիս որպես իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող։ Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով վիրավորվել էին նաև մի խումբ լրագրողներ։ Այդ օրը լրագրողն իր X-ի միկրոբլոգում հրապարակում էր արել՝ նշելով, որ նրան հաջողվել է փրկվել Բարսելոնայի ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել նրա ուշադրությունը: Նա պատմել էր, որ գնացել էր նկարելու գնդակը և այդ պատճառով հրետակոծության պահին իրեն հաջողվել էր բակում պառկել գետնին և փրկվել: Գոնսալես-Ռուբցովի այս հրապարակումը լուսաբանվել էր մի շարք հայկական լրատվամիջոցներում, ինչպես նաև տեղ գտել Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Արցախում շատերն էին մտերմացել լրագրողի հետ, և ինչպես երևում է ֆեյսբուքյան հրապարակումներից, բոլորը վստահում էին նրան։
Արցախցի լուսանկարիչ Սևակ Ասրյանն իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Գոնսալես-Ռուբցովը հրետակոծությունից տուժածներին օգնում տեղափոխվել հիվանդանոց։
Ասրյանը հետագայում նաև անդրադարձել էր լրագրողի ձերբակալության լուրերին՝ նշելով, որ ցանկացած պարագայում լրագրողի կողքին է։
Ուշագրավ է նաև, որ որպես EFE իսպանական լրատվականի թղթակից՝ Գոնսալես-Ռուբցովը 2020 թ․ հոկտեմբերի 23-ին նաև հարցազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գոնսալես-Ռուբցովի գործունեությունն ու ձերբակալությունը Լեհաստանում
Գոնսալես-Ռուբցովն իրականում կիսով չափ իսպանացի է և կիսով չափ ռուս․ նրա մայրը՝ Մարիա Ելենա Գոնսալեսը, ԽՍՀՄ-ում ներգաղթյալ ընտանիքից էր։ Հայրը խորհրդային գիտնական Ալեքսեյ Ռուբցովն է։
«Ամերիկայի ձայնը» գրել էր, որ Գոնսալեսի մորական պապը՝ Անդրես Գոնսալեսը, 9 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը որոշել էր Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Ֆրանկոյի ռեժիմից փախչել Ռուսաստան։
Այսպես, լրագրող, 42–ամյա Պաբլո Գոնսալես–Ռուբցովը ապրել է Մոսկվայում կյանքի առաջին 9 տարիները՝ մինչև ծնողների ամուսնալուծությունը, և Իսպանիա տեղափոխվել մոր հետ։ Նա վարժ ռուսերեն է խոսում, իսկ ռուսական անունը վերցրել է հորից, որը մինչ այժմ ապրում է Մոսկվայում։
Օգտագործելով իր ծագումը և լեզուների իմացությունը՝ Գոնսալես-Ռուբցովը, որը հետսովետական տարածաշրջանի երկրներում մասնագիտացած լրագրող է հանդես գալիս 2014 թվականից, նաև հաջողել էր շահել ռուս ընդդիմադիր մի շարք գործիչների վստահությունը։
Մասնավորապես, նա մտերմացել և տեղեկություններ է հավաքել Բորիս Նեմցովի դուստր Ժաննա Նեմցովայից։ Ինչպես հայտնել էր ռուսական «Ագենտստվո» լրատվականը, Գոնսալես-Ռուբցովը Նեմցովային հանդիպել էր 2016 թվականին Բրյուսելում՝ Բորիս Նեմցովի սպանության գործով ԵԽԽՎ հատուկ զեկուցողի թեկնածության քննարկման ժամանակ։ Հենց այդ օրերին էր նա շահել Նեմցովայի վստահությունը և հետագայում ընկերական հարաբերությունների շնորհիվ տեղեկություններ հավաքել Նեմցովի հիմնադրամի գործունեության մասին։
Լրագրողը նաև կապեր էր հաստատել ռուս ընդդիմադիր գործիչներ Իլյա Յաշինի և Վլադիմիր Կարա Մուրզայի հետ, որոնք, ի դեպ, այն ռուս քաղբանտարկյալներից են, որոնք դուրս են բերվել ռուսական բանտերից օգոստոսի 1-ին ունեցած փոխանակման արդյունքում։
Որպես ֆրիլանս լրագրող՝ Գոնսալես-Ռուբցովը նաև աշխատել է «Ամերիկայի ձայնի»՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվական գործակալության համար։ Այս տեղեկությունն «Ամերիկայի ձայնից» հաստատել էին AP լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան:
«Պաբլո Գոնսալեսը կարճ ժամանակով թղթակցել է «Ամերիկայի ձայնին» որպես ֆրիլանսեր՝ սկսած 2020 թվականի վերջից»,- ասել էր լրատվամիջոցի ներկայացուցիչ Էմիլի Ուեբը ու հավելել․ «Որպես ֆրիլանսեր, որը հոդվածներ է տրամադրել մի շարք լրատվամիջոցների, նրա ծառայությունները կազմակերպվել են երրորդ կողմի ընկերության միջոցով»:
2022 թ․ փետրվարի 27-ին, սակայն, Գոնսալես-Ռուբցովը կալանավորվել էր լեհ-ուկրաինական սահմանին՝ Լեհաստանի իրավապահների կողմից։ Ըստ նրա, նա սահմանին էր գտնվում լրագրողական գործունեություն ծավալելու և ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանելու համար։
Լեհաստանի իշխանությունները նրան մեղադրում էին լրագրողի իր կարգավիճակն օգտագործելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության համար տեղեկատվություն հավաքելու համար։
Դեռ այս տարվա մարտին, ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Գոնսալես-Ռուբցովի, Lրագրողների միջազգային ֆեդերացիան հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ իսպանացի անկախ լրագրող Պաբլո Գոնսալեսը միակ լրագրողն է, որը բանտարկված է ԵՄ անդամ երկրում։
«ԵՄ անդամ երկրի համար անընդունելի է լրագրողին կալանավորել նման կամայական ձևով: Ոչ միայն ոտնահարվում են Պաբլո Գոնսալեսի՝ որպես քաղաքացու և որպես լրագրողի հիմնարար իրավունքները, այլև մամուլի ազատությունը և հանրության՝ իմանալու իրավունքը»,- նշվել էր հայտարարության մեջ։
Ձերբակալությունը քննադատվել էր նաև Amnesty International և «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Նրա կինը՝ 38–ամյա Օյհանա Գոյրիենան, ծիծաղելի էր համարել ամուսնուն առաջադրված մեղադրանքը։
Արփինե Հովհաննիսյան