Երևան տեղափոխված ռուսաստանցի սթենդափ դերասան Տատյանա Շչուկինան հունիսի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Հայաստանի ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» քաղաքական հետապնդում է սկսել իր և մտերիմների նկատմամբ։
«Ոստիկանությունը Ռուսաստանի հրամանով իմ ընկերուհուն՝ Սվետային և զուգընկերոջը՝ Միշային, ձերբակալել է։ Ես թաքնվել եմ քաղաքից դուրս։ Եթե ինձ վերադարձնեն Ռուսաստան, ապա ինձ կամ բանտարկություն, կամ մահ է սպասվում՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման (նկատի ունի Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները — խմբ․), ցույցերի և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության համար»,- գրել է Շչուկինան իր միկրոբլոգում։
Գրառման վերջում Շչուկինան նաև քաղաքական ապաստան և օգնություն է խնդրել։
Սրանից որոշ ժամանակ անց Շչուկինան մեկ այլ գրառում է արել, որում հայտնել է, որ իր հետ կապ են հաստատել փաստաբանները։ Նրանք հայտնել են, որ ոստիկանության պնդմամբ, ռուս սթենդափերը ինչ-որ ծեծկռտուքի ականատեսն է եղել, և իրավապահ մարմինները հարուցված քրեական գործի շրջանակում նրանից ցուցմունք են ակնկալում։
Հերթական գրառման մեջ Շչուկինան հերքում է, որ որևէ ծեծկռտուքի մասնակից կամ վկա է եղել։
«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփել է աղմկահարույց միջադեպի մասին մի շարք ուշագրավ տեղեկություններ։
ՀՀ իրավապահները՝ միջադեպի մասին
Նույն օրը՝ հունիսի 16-ի երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց միջադեպի վերաբերյալ, որում նշվում էր, որ ՌԴ մի քաղաքացի բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակչի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ հիշյալ բնակիչը 2022 թ. մայիսի 11-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նա այդ վնասվածքը ստացել է մայիսի 10-ին անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի, իսկ ՌԴ ևս մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին, որոնք հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Շիրինյանի՝ միջադեպի մասին գրառման մեկնաբանություններում նույնպես արձագանքել է։ Նա գրել է, որ դեպքը ՄԻՊ ուշադրության կենտրոնում է։
Ով է Շչուկինան և ինչ է պատմել ԶԼՄ-ներին
Տատյանա Շչուկինան ցանցում ներկայանում է որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող սթենդափեր։ Նրա լսարանը, ռուսալեզու բովանդակության համար, բավականաչափ համեստ է․ Շչուկինայի պաշտոնական յութուբյան ալիքին բաժանորդագրված է շուրջ 10,000 օգտատեր։ Նրա ստեղծագործական գործունեության կամ հատկապես քաղաքացիական ակտիվության մասին որոնումները ռուսաստանյան մամուլում ևս արդյունքներ չտվեցին։
Այսօր՝ հունիսի 17-ին, Շչուկինան թվիթ է արել, որտեղ տեղեկացնում է, որ ժամանակին աշխատել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, քաղհալածյալ Ալեքսեյ Նավալնու պետերբուրգյան նախընտրական շտաբում։
Շչուկինան ռուսաստանյան մի քանի՝ ոչ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց հունիսի 16-ի երևանյան միջադեպից հետո․ ռուսաստանյան The Insider լրատվամիջոցին տված մեկնաբանությունում Շչուկինան հայտնում է, որ Ուկրաինայում պատերազմից օրեր առաջ հատուկ ծառայություններում աշխատող իր մտերիմներից մեկից տեղեկացել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվելու և որ ավելի լավ է՝ նա հեռանա երկրից։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ իր դեմ քրգործ այդպես էլ չի հարուցվել և ներկա պահին հետախուզման մեջ չի գտնվում։
Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո լքելով ՌԴ-ն՝ Շչուկինան սկզբից մեկնել է Թուրքիա, ապա տեղափոխվել Հայաստան։ Շչուկինան պատմում է նաև, որ Հայաստանում զբաղված է եղել տարբեր հարթակներում սթենդափ անելով։
Նա նշում է, որ իր մտերիմների՝ ոստիկանության բաժնում հայտնվելու ընթացքում նա թաքնվել է՝ լքելով Երևանը։ Ըստ Շչուկինայի՝ բաժին ինքնակամ ներկայացած իր ընկերուհուց իրավապահները պահանջել են տրամադրել իր կոնտակտային տվյալներն ու գտնվելու վայրի մասին տեղեկություն։
Հունիսի 16-ի երեկոյան Epress.am-ը ոստիկանության բաժանմունքի մոտ հարցազրույց է վերցրել իրավապաշտպան ներկայացող Դաավր Դորժինից, որը Շչուկինայի և նրա ընկերների խնդրի վերաբերյալ հայտնել է, որ գործը «տեսանելի կապ չունի Ռուսաստանի, Տատյանայի քաղաքական դիրքորոշման կամ դրա նման ինչ-որ բանի հետ»։ «Եթե նման բան լինի, մենք կհայտնենք։ ԶԼՄ-ներով և սոցցանցերով գնացող տեղեկատվութունը ճշմարտանման չէ»,- ասել է իրավապաշտպանը։
Instagram-ում և Twitter-ում իր հետագա գրառումների ընթացքում Տատյանա Շչուկինան հուզված տոնայնությամբ հրավիրում է հայաստանյան լրատվամիջոցների և իրավապաշտպանների ուշադրությունը՝ իր բարձրաձայնած խնդրի նկատմամբ։
«Փաստերի ստուգման հարթակը» կապվել է Շչուկինայի հետ՝ տրամադրելով կոնտակտային տվյալներ և առաջարկելով հարցազրույց՝ նրան հարմար ձևաչափով։ Առայժմ որևէ արձագանք չկա։ Այս պահի դրությամբ հայաստանյան որևէ այլ լրատվամիջոց ևս չի կարողացել կապ հաստատել և մեկնաբանություն վերցնել Տատյանա Շչուկինայից։
Հայտնի է նաև, որ մի քանի կազմակերպություն, մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, իրավական օգնություն է առաջարկել Շչուկինային։ ԻՔՄ-ի առաջարկը ևս անպատասխան է մնացել։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Տատյանա Շչուկինան ՀՀ ոստիկանություն իր ահազանգած դեպքով չի տարվել, նրա ընկերները ձերբակալված չեն եղել, ինչպես պնդում է Շչուկինան, և ոստիկանության բաժանմումքից դուրս են եկել հունիսի 16-ին, ժամը 19:53-ի դրությամբ։ ՀՀ ոստիկանության գործողությունների քաղաքական դրդապատճառների կամ «Ռուսաստանի հրահանգի» մասին պնդումները այս պահի դրությամբ որևէ կերպ չեն հիմնավորվել, ռուսաստանցի իրավապաշտպանը այդ վարկածը անարժանահավատ է համարում։
Նանե Մանասյան