Մայիսի 27-ին ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը հայտարարեց, որ նախատեսվում է ընդունել օրենք, ըստ որի՝ օտարերկրյա ընկերություններին, ինչպես նաև արտասահմանյան երկրների քաղաքացիություն ունեցող անձանց կարգելվի զբաղվել տաքսի ծառայության մատուցմամբ։
Օրենքի այս նախագիծը դեռևս դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունվել էր Պետդումայի պատգամավորների կողմից, և այժմ՝ որոշակի փոփոխություններով, այն կներկայացվի երկրորդ ընթերցման։
Սակայն այս օրենքի նախագիծը՝ ընդունվելու դեպքում, կհակասի Ռուսաստանի կողմից վավերացրած ԵԱՏՄ պայմանագրին։
Պայմանագրի 97-րդ հոդվածը, որը կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային գործունեությունը, սահմանում է, որ անդամ պետության գործատուներն իրավունք ունեն անդամ պետությունների աշխատավորներին ներգրավելու աշխատանքային գործունեության մեջ՝ առանց հաշվի առնելու աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության մասով առկա սահմանափակումները։
Ինչպես գիտենք, միջազգային պայմանագրերը պետությունների օրենքների համեմատ գերակա են, և եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են ազգային օրենքներով, ապա կիրառվում են միջազգային նորմերը:
Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ անդամ պետությունները չեն սահմանում և չեն կիրառում աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության նպատակով իրենց օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները՝ բացառությամբ ԵԱՏՄ պայմանագրով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների, որոնք ուղղված են ազգային անվտանգությանը (այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերում) և հասարակական կարգի ապահովմանը։
Սա նշանակում է, որ սահմանափակումներ կարող են դրվել միայն այն ոլորտներում, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը կամ հասարակական կարգի ապահովմանը։ Իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից տաքսի ծառայություն մատուցելը դժվար թե կապվի ազգային անվտանգության կամ հասարակական կարգի ապահովման հետ։
Հետևաբար՝ օրենքի նոր նախագիծը, որով Ռուսաստանի Դաշնության տարածքում Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձանց արգելվելու է տաքսի ծառայություն մատուցել, հակասում է Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այս դեպքում՝ ԵԱՏՄ պայմանագրին։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի անդամ են հինգ պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։