Սեպտեմբերի 9-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն անցկացրեց հերթական ցույցը «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի դիմաց։ Շարժման ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութում երևում են մոտ 15 անձ։
Այնինչ, Ռուսաստանի «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը երեկ հրապարակված հոդվածում (արխիվացված) պնդում է, որ «ՎԵՏՕ» շարժման «մոտ հարյուր» անդամ է մասնակցել ակցիային։ Հոդվածում նշվում է, որ տեղեկատվության աղբյուրն իրենց տեղական թղթակիցն է։
Հատկանշական է, որ «ՏԱՍՍ»-ի տարածած լուրը հրապարակվել է շարժման ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ մինչ այս՝ մայիսի 27-ին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարություն էր տարածել, որ ակցիաներ են սկսվելու՝ ուղղված «Սորոսի հիմնադրամի» («Բաց հասարակության հիմնադրամներ») փակմանը, քանի որ վերջինս «մեր պետության ներսում իրականացնում է պետականաքանդ գործունեություն»։
Մարջան Չոբանյան