Ռուսական մի շարք լրատվամիջոցներ երեկ տեղեկություն տարածեցին, որ ԱՄՆ-ում ավելի քան 1100 մարդ ձերբակալվել է անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեղադրանքով։ Այս տեղեկությունն իրոք համապատասխանում է իրականությանը, սակայն այն ունի երկու տարվա վաղեմություն։
2015 թվականի հունիսի 22-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ իրավապահ մարմինների իրականացրած ավելի քան 70 հազար հետաքննական գործողությունների արդյունքում երկրի 41 նահանգներից ձերբակալվել է 1140 անձ անչափահասների նկատմամբ տարատեսակ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։
Թե ինչո՞ւ են կրեմլյան կայքերը սեփական ընթերցողին «ժամկետն անց» տեղեկություններ տրամադրում, պարզ է դառնում հոդվածի երկրորդ մասում։
Բանն այն է, որ դեռևս 2012 թվականին ՌԴ Պետդուման ընդունեց օրենք, համաձայն որի ԱՄՆ քաղաքացիներին այլևս արգելվելու է Ռուսաստանում երեխա որդեգրել։ Օրենքը դժգոհությունների մեծ աղմուկ բարձրացրեց. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այս տարվա հունվարին այս օրենքը մարդու իրավունքների խախտում որակեց։ Դատարանը նաև պարտավորեցրեց ՌԴ կառավարությանը բոլոր 45 հայցվորներին 3 հազարական եվրո գումար վճարել, որպես փոխհատուցում։
ՌԴ կառավարությունը, սակայն, որոշումը չընդունեց և այն չեղարկելու պահանջով բողոք ներկայացրեց։ Այն վարույթ ընդունելու կամ մերժելու հարցը քննարկվելու է մոտ օրերս՝ հուլիսի 3-ին։
Այսպիսով, Կրեմլին կից ԶԼՄ-ները, որպես լրատվական առիթ ներկայացնում են 2 տարվա վաղեմություն ունեցող լուր, այնուհետև հպանցիկ տեղեկացնում են, որ մոտ օրերս ՄԻԵԴ-ը որոշում է կայացնելու ՌԴ իշխանությունների, արդեն իսկ պարտված գործով, բողոքի վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր տարածեցին Vz.ru, Gazeta.ru, Rosbalt.ru, Tsargrad.tv, ինչպես նաև հայկական Iravunk.am կայքը։
Հիշեցնենք, որ ռուսական քարոզչության թիրախում էր հայտվել նաև Հայաստանում Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքը, որի արդյունքում այն հետ կանչվեց։
Ռաֆայել Աֆրիկյան