Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հունվարի 12-ին տպված «Ինչը և պահանջվում էր ստորագրել» վերնագրով հոդվածում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։
Հոդվածի հեղինակ Անդրեյ Կոլեսնիկովը, ներկայացնելով շուրջ 4 ժամ տևած հանդիպման մանրամասները, մեջբերում է նաև եռակողմ ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը վերաբերում էր ռազմագերիների հարցի լուծման ձախողմանը։
«Դա ասելով (ռազմագերիների վերադարձի խնդրի մասին- խմբ.)՝ իր և իր հայրենակիցների աչքին ռազմագերիների համար կռիվ տված Նիկոլ Փաշինյանը մեկնեց օդանավակայան, իսկ Իլհամ Ալիևը մնաց Կրեմլում»,- մասնավորապես, գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Ալիևը դրանից հետո առանձնազրույց է ունեցել Պուտինի հետ։
Մինչդեռ, ի տարբերություն ռուսական թերթի հրապարկմանը, Նիկոլ Փաշինյանը ասուլիսից հետո անմիջապես ոչ թե մեկնել է օդանավակայան, այլ ևս առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը նաև իր ֆեյսբուքյան էջում էր տեղեկացրել առանձին երկկողմ հանդիպման մեկնարկի մասին։
Ի դեպ, նշենք, որ Հայաստանի կառավարական ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարել է ժամը 01։05-ին։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Երևանի ժամանակով 21։20-ին։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանն ասուլիսից հետո անմիջապես օդանավակայան է գնացել, ի տարբերություն Ալիևի՝ առանց Պուտինի հետ հանդիպման, իրականությանը չի համապատասխանում։
Նելլի Լազարյան