Օրերս մամուլում տեղեկություն շրջանառվեց առ այն, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ սկսել է մշակել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը։ Ընկերության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը հայտարարեց՝ «մենք իսկապես սկսել ենք զբաղվել այդ հարցով։ Այսօր այդ երթուղին (Պարսից ծոց-Սև ծով, անցնում է Հայաստանով — խմբ.) մուլտիմոդելային է, այսինքն` ներառում է երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումներ»։
Հայաստան-Իրան երկթագծի կառուցումը, թերևս ամենից քննարկված և շահարկված թեման է վերջին 10 տարվա ընթացքում։ Այն իր տրամաբանական ավարտին հասավ 2017 թվկանի հունվարի 12-ին, երբ կառավարությունը որոշում ընդունեց լուծարել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն։ 2011-2016 թթ․ այս ՓԲԸ-ն Հայաստանի պետական բյուջեից ստացել է 253 միլիոն դրամ։
Երկաթգծի պատմությունը
Ծրագրի մասին առաջին անգամ 2008 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Այն 3 մեգածրագրերից երրորդն էր՝ «հյուսիս- հարավ», «նոր ատոմակայան», «Հայաստան-Իրան երկաթգիծ»։ «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը»,- հայտարարց Սարգսյանը։
Ի սկզբանե ծրագիրը գնահատվել էր մոտ 2 մլրդ դոլար, հետո՝ 2,5, իսկ վերջում` 3,2 մլրդ դոլար: Հասկանալի էր, որ ընդամենը 10 մլրդ դոլար ՀՆԱ ունեցաղ երկրի համար այդպիսի ծրագիրը անիրականանալի է։ Սկսվեցին տեղեկություններ տարածվել, որ ծրագիրը ֆինանսավորելու է Ռուսաստանը, հետո՝ Չինաստանը, ապա անգամ Համաշխարհային բանկը։ Վերոնշյալից և ոչ մեկը չիրականացավ։
2013 թվականին՝ կրկին նախագահական ընտրություններից առաջ, կրկին հայտարարվեց 3,5 մլրդ դոլար գնահատվող նախագծի գործարկման մասին։ Այդ ժամանակ էլ «Հայաստանի հարավային երկաթուղու» զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության գծով փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության միջև: «Ռոսիա ՖԶԵ»-ն հայտարարեց, որ սկսում է լայնածավալ գործունեություն` նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության աշխատանքներ:
1 տարի անց՝ 2014-ին, պատրաստ էր երկաթգծի կառուցման նախագիծը։ Ըստ այդմ՝ շինարարության նախնական արժեքը 3,2 մլրդ դոլար էր, իսկ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի։
Կրկին 1 տարի անց՝ արդեն 2015 թվականին, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարեց, որ Հայաստան-Իրան երկաթուղու անցկացման նախագիծը միանգամայն զուրկ է արդյունավետությունից։ ՌԵՈՒ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդ նախագիծը հեռանկար չունի` «ինչպես պատի վրա բացել ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան»:
Այսօր, սակայն, Ալեքսանդր Միշարինը հերքում է սեփական ղեկավարին, հայտարարում է՝ ծրագիրը ոչ միայ արդյունավետ է, այլև արդեն մշակվում է։ Թե որքանով է այս հայտարարությունն արժանահավատ, ցույց կտա ժամանակը։
Ռաֆայել Աֆրիկյան