Ռուսական Рен ТВ հեռուստաալիքը նոյեմբերի 10-ին ռեպորտաժ է հրապարակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին։ «Քոչարյանը մնում է կալանքի տակ. դատարանների վրա ճնշում են գործադրում» վերնագրով, շուրջ 9 րոպե տևողությամբ ռեպորտաժում լրագրող Վիկտոր Սինեոկը հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ պնդումներով։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան մասին
Լրագրողը անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան խուզարկությանը՝ ներկայացնելով այն որպես Թովմասյանի վրա ճնշում։ «Իսկ ահա Սահմանադրական դատարանի նախագահի վրա, որը Քոչարյանի գործով հայտարարությամբ էր հանդես եկել, սկսեցին ճնշել հարազատների միջոցով՝ առաջինը զննելով Թովմասյանի 75-ամյա հոր ունեցվածքը»,- նշում է լրագրողը և շարունակում. «Դարակերտ գյուղում գտնվող այս տունը ոչնչով չի տարբերվում հարակից տներից՝ 70-ականներին տալիս էին տիպիկ առանձնատներ, սակայն հենց սա հրավիրեց քննիչների ուշադրությունը, ավելի ճիշտ՝ ոչ թե տունը, այլ տան տանիքը»։
Լրագրողը այնուհետև ներակացնում է տան կահույքը, դեպի տուն տանող նեղ միջանցքը և այլ մանրամասներ՝ չնշելով այն հանգամանքը, թե ինչու է իրավապահ մարմիններին հետաքրքրել Հրայր Թովմասյանի հորը պատկանող տան տանիքը։ Մինչդեռ, Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել էր, որ Թովմասյանի հոր տուն այցելել են, քանի որ ապացույցներ են ձեռք բերվել տան տանիքի վերանորոգման աշխատանքների ժամանակ իրականացված չարաշահումների վերաբերյալ։
«…2012-2014 թթ. ընթացքում Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան, Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ վերակառուցման շինաշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի վերանորոգման ընթացքում թույլ տրված յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակում տվյալներ են ստացվել, որ նշված շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ է հատկացվել և շինաշխատանքներ կատարվել, որի հետ կապված նաև բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից»,- ասվում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։ Փաստացի, լրագրողը մանիուպուլացնում է գործը։
Քոչարյանին ներկայացված մեղադրանքի մասին
Այսպես, լրագրողը, անդրադառնալով Քոչարյանին՝ կրկին կալանքի տակ թողնելու դատարանի որոշմանը, նշում է, որ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին Սահմանադրական կարգի տապալման մեջ՝ չնշելով սակայն, որ երկրորդ նախագահը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։
Փաստացի, Քոչարյանին առաջադրվել է մեկ մեղադրանք երկու դրվագով՝ սահմանադրական կարգի տապալում և կաշառքի ստացում։
Նարեկ Մութաֆյանը բլոգեր չէ
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի բերման ենթարկման մասին՝ լրագրողը նշում է, որ բլոգեր Նարեկ Մութաֆյանը, որը «խիզախել է» հարց տալ Քոչարյանի գործը վարող դատավորին, «բացահայտ դաժան կերպով բերման է ենթարկվել»։
Լրագրողը, սակայն, չի ներկայացնում Նարեկ Մութաֆյանի բերման ենթարկելու գործընթացը ամբողջական համատեքստում։ Այնինչ իրականում Նարեկ Մութաֆյանը բերման է ենթարվել ոչ թե պարզապես դատավորին հարց տալու համար, այլ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով։ Նա Քոչարյանի գործը քննող դատավորին երեկոյան հետապնդել է և պարբերաբար հարցրել՝ արդյո՞ք նա կա «վնգստացող դատավորների ցանկում»: Ավելին՝ ռուս լրագրողը Մութաֆյանին ներկայացնում է որպես բլոգեր, այնինչ սա ևս չի համապատասխանում իրականությանը։ Մութաֆյանը մինչ այս բլոգային գործունեությամբ երբևէ չի զբաղվել։
Yerevan.Today-ի խուզարկությունը նոր չէ
Ռեպորտաժում խոսվում է նաև Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակի խուզարկության մասին։ Դեպքը, սակայն, ներկայացվում է որպես «օրերս տեղի ունեցած»։ Այնինչ Քննչական կոմիտեի կողմից Yerevan.Today-ի խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի սեպտեմբերին։ Խուզարկությունը տեղի էր ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
ՀՔԱՎ-ի զեկույցի մասին
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի կողմից 2019 թ. հոկտեմբերի 31-ին ներկայացրած՝ «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցին։ Լրագրողը, սակայն, այստեղ դիմում է մի քանի մանիպուլյացիաների։
Այսպես, իր խոսքում Վիկտոր Սինյոկը նշում է. «Զեկույցում ռուս զինվորականներին հիշեցրել են, օրինակ, 2004-ին կորած եղջերավոր անասուններին, որոնց նրանք չէին կարողացել գտնել։ Բացի այդ՝ 2017-ին իրականացված աղմկոտ զորավարժությունները, որոնցով նրանք վախեցրել էին գյուղացիներին»։
Լրագրողը, սակայն, աղավաղում է երկու դեպքերն էլ։ Այսպես, ռուսական կողմի անունը կենդանիների գողանալու ժամանակ նշվում է, քանի որ եղջերավորները տարվել են դեպի Թուրքիա, իսկ Թուրքիայի հետ ՀՀ սահմանի պաշտպանությունն իրականացնում է ռուսական ռազմաբազան։
Իսկ ահա Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի իրականացրած զորավարժությունը լրագրողը ներկայացնում է «իբրև բարձր աղմուկ, որը վախեցրել է տեղի բնակչությանը», այնինչ դա հարցի միայն մեկ կողմն է։ 2018-ին ռուսական ռազմաբազան տանկերով և այլ տեխնիկայով, առանց ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը տեղյակ պահելու, ուսումնական զորավարժություն էր իրականացրել Փանիկ գյուղում։ Հնչել էին պայթյուններ և կրակոցներ։ Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել, խախտվել էին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1995-ին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրի և 1997-ին կնքված «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» համաձայնագրի կետերը։ Նշենք նաև, որ լրագրողը խեղաթյուրում է տարեթվերը՝ 2018 թվականին տեղի ունեցած դեպքը ներկայացնելով իբրև 2017-ին տեղի ունեցած։
Ընդհանուր առմամբ, ռեպորտաժի այս հատվածում չի խոսվում հանդիպման բուն նպատակի և զեկույցի բովանդակության մասին։ Իսկ ահա ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, զեկույցն ընդհանուր առմամբ անդրադառնում է առհասարակ օտարերկրյա ռազմական ներկայության նշանակությանը տարբեր երկրներում, համաշխարհային փորձին և մասնավորեցնում, թե ինչ ազդեցություն է ունեցել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Մասնավորապես՝ Հայաստանի մասով զեկույցում ներկայացված են հայ-ռուսական հարաբերություններն ու Հայաստանում ռազմաբազայի տեղակայման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը։
Լրագրողների հանդեպ իրականացրած «ճնշումների» մասին
Լրագրողը ռեպորտաժն ավարտում է հետևյալ պնդմամբ. «Ներկայիս իշխանությունը, հաշվի առնելով հարուցված գործերի քանակը՝ նախկին քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, լրագրողների և դատավորների հանդեպ, շատ կամակոր դուրս եկավ, և դատելով այն տեխնոլոգիաներից, որոնք արդեն փորձարկվել են այլ հետսովետական պետություններում, դա ոչ մի լավ տեղ չի տանելու»։ Այնինչ հարկ է նշել, որ այստեղ ևս մանիպուլացիա կա, քանի որ լրագրողների հանդեպ քրեական գործեր չկան հարուցված։
Այսպիսով, Рен ТВ հեռուստաալիքի լրագրող Վիկտոր Սինյոկը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, ներկայացրել է կեղծ, մանիպուլյատիվ «փաստեր» և պնդումներ։
Կարինե Կիրակոսյան