Երեկ Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի առաջ քաշած օրինագիծը։
Համաձայն նախագծի՝ եթե ինչ որ պատճառներով Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է, կամ քվորում չի ապահովվում, նիստն ընդհատվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ԵԼՔ» խմբակցության պատգամավորների կարծիքով դա արտահերթ ընտրություններին խոչընդոտելու փորձ է, քանի որ Աժ-ն պետք է լուծարվի, եթե երկու անգամ խորհրդարանական ուժերի քվեարկությամբ չի ընտրվում վարչապետ։ Իսկ այս օրինագիծը նշանակում է, որ եթե քվորում չապահովվի կամ պատգամավորների նիստի մասնակցությունը խոչընդոտվի, նիստը կհամարվի ոչ թե չկայացած, այլ պարզապես կհետաձգվի։
Վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվեցին ԱԺ շենքի մոտ և շրջափակեցին այն։ Տեղի ունեցան բանակցություններ Փաշինյանի և խորհրդարանական ուժերի միջև, որին հետևեց հանրահավաքը։
Միևնույն ժամանակ օնլայն հարթակում տարածվեցին տարբեր կեղծ տեղեկություններ։
Մասնավորապես, սկսեց շրջանառվել ռումբերի առկայության մասին տեղեկություն։
Analitik.am կայքը գրել էր, որ, իր տեղեկություններով, քաղաքապետարանի շենքում ռումբ կա տեղադրված, մարդիկ են տարհանվել և ստուգումներ են իրականացվում։
Մի քանի րոպե անց տեղեկատվություն տարածվեց նաև խորհրդարանում ռումբի առկայության մասին։ Armlur լրատվականը հրապարակեց մի տեսանյութ, որում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսում է ահազանգ ստանալու և համապատասխան գործողություններ իրականացնելու մասին։
Տեղեկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ահազանգեր իրոք ստացվել են թե՛ քաղաքապետարանում և թե՛ խորհրդարանում, սակայն ստացված ահազանգերը եղել են կեղծ։
Կարինե Կիրակոսյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ
SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։