Դեկտեմբերի 14-ին «Իրավունք» օրաթերթի կայքէջը և Շաբաթ․am լրատվականն ապատեղեկատվություն են տարածել ռուսական ռուբլու թանկացման մասին։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ ռուսական արտարժույթը մնացել է նույնը։ Իսկ դեկտեմբերի 12-ի համեմատ այն անկում է ապրել 0,6 տոկոսով՝ 8,23 դրամից դառնալով 8,18 դրամ։
Որոշ փորձագետների վերլուծությունների համաձայն՝ ռուբլու արժեքի աճ չի սպասվում նաև առաջիկայում։ Հնարավոր է ռուբլու արժեքի նոր անկում։
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի Բաց շուկայի հանձնաժողովը բարձրացրեց հիմնական տոկոսային դրույքաչափը 25 կետով՝ հասցնելով 1,25-1,5%-ի։ Ռուսական Газета.Ru-ի փոխանցմամբ՝ «հաշվի առնելով, որ միևնույն ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկն իջեցնում է դրույքաչափը, սա վտանգ կստեղծի ռուբլու համար, քանի որ արտասահմանյան ներդրում կատարողներին այդքան էլ հետաքրքիր չի լինի ներդրում կատարել ռուբլային ակտիվների մեջ»։
Որոշ փորձագետների կարծիքով, ռուբլին կարող է տուժել նաև Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով։
Ինչ վերաբերում է վերոնշյալ լրատվամիջոցներում ռուբլու արժեքի թանկացման մասին ապատեղեկատվությանը, հարկ է նշել, որ թե՛ «Իրավունքը», թե՛ Շաբաթ․am-ը ապատեղեկատվությունը տարածել են լուրերի վերնագրերի միջոցով։ Նշված լուրերը զուրկ են բովանդակությունից և պատկերում են ֆինանսական տեղեկատվություն տրամադրող rate.am կայքում հրապարակված աղյուսակը։
Ավելի վաղ SUT.am-ը պատմել էր, թե ինչպիսի վերնագրեր են օգտագործում հայկական որոշ լրատվամիջոցներ լսարանին շփոթեցնելու նպատակով։