Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դեռ ամիսներ առաջ խոստանում էր անմիջապես ներկայանալ իրավապահ մարմիններին, եթե անգամ կանչեն ձերբակալելու համար։ Հայրապետյանի նկատմամբ ներկայում հետախուզում է հայտարարվել, նա Ռուսաստանում է և դեռևս հրաժարվում է վերադառնալ։
Քննչական կոմիտեն մայիսի 26-ին հետախուզում էր հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Իրավապահները նաև դիմել էին դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ։
Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը հայտարարել էր, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ վարույթն իրականացնող մարմնից վերջինիս թաքնվելու հիմքով։
Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն անդրադարձել էր ՀՖՖ նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել այն դեպքում, երբ հստակ հայտնի է Հայրապետյանի գտնվելու վայրը և առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին իրենք պատշաճ իրազեկել են քննիչին։
«Իհարկե, չեն մոռացել նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Օրենք, համավարակ, կարանտին՝ չէ, չենք լսել…»,- մասնավորապես, գրել էր փաստաբանը։
Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 16-ին, Հայրապետյանի փաստաբան Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեն հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին՝ լավ իմանալով, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով տևական ժամանակ է գտնվում է արտերկրում, իսկ պայմանավորված համավարակով՝ չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք: «Հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ, մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից»,- գրել էր նա։
Այնուհետև՝ արդեն մայիսի 22-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ Հայրապետյանի կազմակերպմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել էր «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։
Ռուբեն Հայրապետյանը ժամանակին ազնվորեն խոստանում էր անմիջապես ներկայանալ իրավապահներին, նույնիսկ եթե ձերբակալու համար կանչեն
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Ռուբեն Հայրապետյանը «168 ժամի» «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն էր, պատասխանելով հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե շատերը, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, լքել են երկիրը, նշել էր, որ ինքն այդ մարդկանց շարքերը չի համալրի։
«…Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախնելու որևէ տեղ չունեմ, ու նաև ավելին ասեմ՝ ձերբակալում են, թող ձերբակալեն։ […] Երբ ինձ զանգեն ասեն՝ մենք ուզում ենք քեզ ձերբակալել՝ արի, ազնվորեն եմ ասում՝ որտեղ էլ լինեմ, մեկ րոպե հետո, հինգ րոպե հետո, հասնեմ ընդեղ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում։ Եվ ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն կարող վախեցնել»,- մասնավորապես, հայտարարել էր նա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատրաստ է կազմակերպել Ռուբեն Հայրապետյանի վերադարձը
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ Քննչական կոմիտեից զանգահարել են ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ պարզելու, թե արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանի՝ վերադառնալ համաձայնելու դեպքում հնարավոր կլինի կազմակերպել վերջինիս վերադարձն առաջիկա թռիչքով։
«ՀՀ դեսպանության կողմից տրվել է դրական պատասխան, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից Հայաստան վերադառնալու հետ կապված դեսպանություն դիմելու դեպքում հնարավոր կլինի ապահովել վերջինիս կողմից թռիչքի համապատասխան տոմսի ձեռքբերումը»,- ասաց նա և նշեց, որ դեռևս դիմում չեն ստացել։
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը պարզաբանում է, թե ինչու Հայրապետյանը դեռևս չի կարող վերադառնալ
Fip.am-ի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նշեց, որ տեղյակ են ՌԴ-ում ՀՀ դեսպանության առաջարկից, սակայն չեն ընդունել, որովհետև Ռուբեն Հայրապետյանին մեկուսանալու բժշկական ցուցում է տրված։
«Նա պետք է մնա մեկուսացման մեջ, և դրա համար կան համապատասխան փաստաթղթեր իրավասու մարմինների կողմից, որոնք գտնվում են քրեական գործում։ Այն դեպքում, երբ որ մեկուսացման ցուցում է տրված, վարույթ իրականացնող մարմինը և դատարանը, իրավասու պետական մարմինների կողմից այդ գործողությունները գնահատում են որպես թաքնվել, սրա անունն ի՞նչ կարող ենք դնել։ Նման անհիմն հայտարարության մասին մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք և պատրաստ ենք նաև բողոքարկել այդ որոշումները»,- ասաց փաստաբանը՝ հավաստիացնելով, որ Հայրապետյանն ունի բազմաթիվ ուղեկցող հիվանդությունները, ինչի պատճառով բժշկական ցուցմամբ մեկուսացված է։
Հարցին, թե բժշկական ցուցումը կոնկրետ ժամկետ ունի՞, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող բժշկական փաստաթղթերն այդպիսի խորությամբ մեկնաբանել, բայց այս պահին նման ցուցում առկա է։ Խնդիրները բացառապես տեխնիկական են, որևէ մեկին չթվա, որ Ռուբեն Հայրապետյանը չի վերադառնալու Հայաստան, որևէ մեկի հույսերն այդ առումով չեն արդարացվելու»,- ասաց նա։
Փաստաբանին խնդրեցինք տրամադրել իրավասու մարմնի փաստաթղթերը, սակայն Մակինյանը մերժեց՝ պատճառաբանելով, որ դրանում առկա են անձնական կյանքի գաղտնիք պարունակող տվյալներ։
Մակինյանը հավելեց նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավոր է համարել այս գործով ներգրավված տուժող, բայց իր խոսքով՝ իրականում մեղադրյալ հանդիսացող անձին տեխնոլոգիական կապի միջոցներով հարցաքննելը, իսկ իրենց առաջարկը՝ նույն եղանակով Ռուբեն Հայրապետյանին հարցաքննելու վերաբերյալ, մերժվել է։
Նելլի Լազարյան