Հոկտեմբերի 17-ին Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանության մասին լուրը արագ տարածվեց համացանցում։ 18-ամյա երիտասարդը զինված մուտք է գործել քոլեջի տարածք, ինքնաշեն պայթուցիկի և հրազենի միջոցով սպանել 20, վիրավորել ավելի քան 50 հոգու, որից հետո ինքնասպան է եղել։
Ռուսական «Россия 1» հեռուստաընկերության «60 րոպե» (60 минут) հաղորդման հոկտեմբերի 17-ի հատուկ եթերը նվիրված էր ողբերգական պատահարին։ Հաղորդավարները պատմում են ցերեկը տեղի ունեցած դեպքի մասին, մանրամասներ ներկայացնում կասկածյալի ինքնությունից, ինչպես նաև ուղիղ եթերով կապ հաստատում Ղրիմում աշխատող իրենց գործընկերոջ հետ, ով պարբերաբար մանրամասներ է ներկայացնում կատարվածից։
Հաղորդման ընթացքում հաղորդավար Օլգա Սկաբեևվան հեռախոսազրույց է ունենում այդ քոլեջի ուսանողուհի Ալինա Կերովայի հետ, ով պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը․
«․․․ Երկրորդ դասաժամից հետո՝ դասամիջոցին, մոտավորապես 11։45-ին տեղի ունեցավ առաջին պայթյունը, 20 վայրկյան անց լսվեց երկրորդը, շատ բարձր աղմուկ էր, պատուհանները ջարդվեցին, անվտանգության համակարգը միացավ, փորձեցինք դուրս ցատկել, երևում էր, որ մարդկանց տանում են պատգարակներով, մեկը անգիտակից էր, մյուսը՝ ամբողջությամբ արյան մեջ կորած, մարդիկ երկրորդ հարկից ցատկում էին, մեկը մյուսի հետևից շտապօգնության մեքենաներն էին գալիս, այդ ամենը տեսնելը շատ դժվար էր․․․»։
Ապա հաղորդավարները հարցնում են, թե որտեղ էր Ալինան, երբ պայթյունը տեղի ունեցավ, որ հարկում էր գրադարանը, որտեղ կասկածյալը ինքնասպան էր եղել, ով էր անվտանգության համակարգողը այդ պահին դպրոցում և այլ ճշտող հարցադրումներ։
Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության փաստերի ստուգմամբ զբաղվող «Fake news» հաղորդման խմբագրակազմը վիդեոռոպորտաժ է հրապարակել, որում անդրադարձել են Ալինա Կերովա անունով աղջկա հետ տեղի ունեցած հեռախոսազանգին։ Ռեպորտաժում լրագրողը նշում է, որ պատահարի հետևանքով մահացած անձանց ցուցակում կա նույն՝ Ալինա Կերովա անուն-ազգանունով աղջիկ։
Իրավիճակը հասկանալու համար հաղորդավարը կապ է հաստատել Ալինայի ընկերուհու՝ Վիկտորյա Ժուկովայի հետ, ով նույնպես սովորում է այդ քոլեջում։ Ժուկովան ասել է, որ իր ընկերուհին մահացել է, և ձայնը, որը հնչում է եթերում, նրա ձայնը չէ, իսկ քոլեջում նման անուն-ազգանունով ուրիշ մարդ չկա։
Թե ինչպես է ստացվել, որ հաղորդավարուհին խոսել է մահացած ուսանողուհու հետ, խմբագրությունը փորձել է պարզել՝ զանգահարելով հաղորդման վարող Օլգա Սկաբեևային, ով սկզբում առաջարկել է տալ աղջկա համարը և հարցերը ուղղել հենց իրեն, իսկ հետո առաջարկել է զերծ մնալ էմոցիոնալ եզրահանգումներ անելուց և փոխարենը նամակ գրել հեռուստաընկերության մամուլի ծառայությանը և սպասել պատասխանի։