Օրերս ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը «Անհետացող Հայաստանը և նրա ընտրությունները» վերտառմամբ մի ուշագրավ հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին տնտեսական և քաղաքական միջավայրին:
Այդ հրապարակումն աչքի է ընկնում տեղ գտած միանգամից մի քանի սխալ տվյալներով և դատողություններով: Նախ և առաջ, հոդվածում խոսվում է այն մասին, որ ՀՀ պետական պարտքը անշեղորեն աճում է և արդեն կազմում է մոտ 11 մլրդ ԱՄՆ դոլար: Այսուամենայնիվ, ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկագրերը վկայում են, որ Հայաստանի պետական պարտքը իրոք աճում է, բայց 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդամենը 5,9 մլրդ դոլար, ինչը գրեթե կիսով չափ պակաս է «Ռեգնումի» բերած ցուցանիշից:
Հիմնվելով սխալ տվյալների վրա՝ հեղինակն ավելացնում է, թե հետխորհրդային երկրներում դժվար է գտնել մի երկիր, որն այսպիսի «ողբալի» վիճակում գտնվի:
Այնուամենայնիվ, քանի դեռ Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը տատանվում է չափավոր վտանգավոր 60%-ի շրջանակներում Ուկրաինայում այդ ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է 80%-ը, իսկ Տաջիկիստանում՝ 55%-ը: Անգամ ԵՄ անդամներ Լատվիայի և Լիտվայի պարագայում պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 40%-ը: Մոլդովայում և Վրաստանում՝ 45%-ը: Ուստի, այլ հետխորհրդային երկրների համեմատությամբ Հայաստանում վիճակը թեև երանելի չէ, բայց այդքան էլ ողբալի չէ:
Ըստ հեղինակի՝ հետխորհրդային տարածաշրջանում դժվար է նաև գտնել մի երկիր, որտեղ իշխանությունը այնքան անփոփոխ լինի, որքան Հայաստանում: Ակնհայտորեն, «Ռեգնում» գործակալության աչքից վրիպել են Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի վառ օրինակները:
Իսկ Հայաստանի Հանրապետության պարագայում փոփոխություններ առնվազն երկրի ղեկավարի մակարդակով առ այսօր տեղի են ունեցել: Երկրում կազմակերպվող ընտրությունները «ժողովրդավարական խաղեր» որակելով՝ հոդվածի հեղինակը նաև նկատի չի առել այն հանգամանքը, որ գոնե հետխորդհրդային տարածաշրջանում Հայաստանը շատ երկրների (ներառյալ Ռուսաստանին) էականորեն գերազանցում է շատ ու շատ ժողովրդավարական ցուցանիշներով:
Ու թեև Հայաստանում վերջին տարիներին դիտվում է ժողովրդավարական ցուցանիշի անկում, սակայն այն դեռևս շատ ավելի բարվոք է, քան «Ռեգնումի» կողմից երբեք չքննադատվող Ռուսաստանինը:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սխալ տվյալների և դատողությունների հիման վրա կառուցելով հրապարակումը՝ «Ռեգնում» գործակալությունը փորձել է ներհայաստանյան իրավիճակը ներկայացնել իրականությունից տարբերվող երանգով: