TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա իշխանությունների վարքագծով։
Նա պնդել է, թե նախկին իշխանությունների օրոք, երբ հայ-ռուսական հարաբերությունները ջերմ էին, Մոսկվան Երևանի նկատմամբ անբարյացակամ գործողությունների չեր դիմում և, մասնավորապես, սպառազինություն չէր մատակարարում Ադրբեջանին։
«Փաշինյանը և Արևմուտքի գործակալները Ռուսաստանին տրամադրում են մեր դեմ կամ առիթավորում են (ՌԴ-ին — խմբ․) մեզ համար տհաճ քայլեր անել, որովհետև, տեսե՛ք, շատ դեպքերում ՌԴ շահերը այս տարածաշրջանում, միգուցե, պահանջեն այլ գործողություններ, բայց ժամանակին, հաշվի առնելով, որ կար բարեկամություն, կային նորմալ մարդկային հարաբերություններ, կար ընկերություն, հավատարմություն․․․ երկրների միջև, ինքը (ՌԴ-ն — խմբ․) դա չէր անում, օրինակ՝ զենք չէր ծախում Ադրբեջանին․․․»,- ասել է Քոչարյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» նախկինում բազմիցս անդրադարձել է բաց աղբյուրներում առկա՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության մեծածավալ մատակարարումների փաստերին, ներկայացրել դրանք իր լսարանին։
Մասնավորապես, Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) 2020 թ․-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերին և հակամարտության գոտի հանդիսացող այս երկրներ զենքի մատակարարումներին։
Ըստ SIPRI-ի գնահատման՝ չնայած Մոսկվան հանդես էր գալիս որպես Արցախյան հակամարտության լուծման հիմնական միջնորդ, այդուհանդերձ, 2011-2020 թթ․-ին թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան սպառազինության ամենախոշոր մատակարարը եղել է Ռուսաստանը: Նշված ժամանակահատվածում ՌԴ-ին է բաժին հասել Հայաստանի ռազմական գնումների 94%-ը և Ադրբեջանի՝ 60%-ը։
Ադրբեջանին Ռուսաստանը մատակարարել է զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, տրանսպորտային և հարվածային ուղղաթիռներ, հրետանի, տանկեր։ 2013 թ․-ին մատակարարել է նաև «Սմերչ» ՀԿՌ համակարգեր, որոնք ևս օգտագործվել են պատերազմում: Նշվում է, որ Ադրբեջանը սովորաբար վճարել է Ռուսաստանից մատակարարվող իր սպառազինությունների ամբողջ գինը, և մեջբերվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2018 թ. հայտարարությունը, որ Ադրբեջանը Ռուսաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու վրա ծախսել է մոտ 5 միլիարդ դոլար։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ SIPRI նկատել է, որ ՌԴ-ի տնտեսական շահը, թերևս, կարևոր մոտիվ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:
Սերժ Սարգսյանի դժգոհել է Բաքվին զենքի վաճառքից
Հատկանշական է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին քանիցս դժգոհություն է հայտնել Մոսկվայի ու Բաքվի միջև սպառազինության մատակարման ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Օրինակ, 2014 թվականին արգենտինական La Nación հանդեսի լրագրողի՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից 2 միլիարդ դոլարի զենքի վաճառքի մասին հարցին պատասխանելիս Սարգսյանն ասել էր. «Մեզ համար սա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը մտահոգված է փաստով, որ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Ես վստահ եմ, սակայն, որ Հայաստանը բավականաչափ ուժ ունի, որ պաշտպանի իր սահմանները: Չնայած, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, կասկած չունեմ, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կատարելու է ստանձնած պարտավորությունները»:
2015 թվականին կայացած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա համաժողովում Սարգսյանն ասել էր, որ «մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»։
Սարգսյանը թեմային անդրադարձել է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը՝ նշելով, որ «բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը՝ այլ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, բայց դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ պրոցեսի վրա»։
Մոսկվան «ուղղակի բիզնես է արել» Բաքվի հետ
Հատկանշական է, որ ռուսական կողմը, ի պատասխան նախկինում Երևանից հնչող այս մտահոգություններին, նշել է, որ Բաքվին զենքի վաճառքն «ընդամենը բիզնես է»։ Նման հայտարարություն, օրինակ, արել էր ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Գյումրիում՝ «առևտրային հարաբերություն» որակելով Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը: Գրեթե նույնը ժամանակին ասել էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ռուսաստանի Դաշնությունը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է: Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում աշխարհի տասնյակ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների: Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան և տնտեսությունը: Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում (դուք հարցնում եք Ադրբեջանի մասին), որոշման հիմքում նախևառաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում: Եվ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարևան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ»,- ասել էր Բորդյուժան 2013 թվականին:
Այսպիսով, Ռուսաստանը մշտապես զենք է մատակարարել Բաքվին, եղել է դրա ամենախոշոր մատակարարն ու բացատրել դա որպես «Մոսկվայի բիզնես»։ Այս մատակարարումներից դժգոհել են անգամ նախկին իշխանությունները․ հետևաբար, մեդիափորձագետի պնդումը կեղծ է։
Նանե Մանասյան