Երեկ մի շարք լրատվականներ «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից» վերնագրով տեղեկութույն տարածեցին։
Մասնավորապես, հղում կատարելով նախարար Օլգա Վասիլևայի խոսքերին, ով առաջարկում էր ԱՊՀ տարածքում ռուսական կիրիլիցա տառատեսակից հրաժարված պետություններին վերադառնալ դրան, կայքերը «վերլուծություն» ներկայացրեցին․ «Հայաստանը ԱՊՀ երկիր է, ուրեմն նախարարն Հայաստանին էլ է առաջարկում անցնել կիրիլիցային՝ հրաժարվել հայոց այբուբենից»։
Իրականությունը սակայն հետևյլան է․ Հայաստանը չի կարող վերադառնալ կիրլիցային, քանի որ երբեք նախկինում կիրիլիցան հայերենում չի օգտագործվել: Հայաստանն ունի սեփական այբուբեն, որը ոչ կիրիլիցա է, ոչ էլ լատինիցա, այն հայերենն է՝ աշխարհի 20 օրիգինալ այբուբեններից մեկը։
Ավելին, հայկական այբուբենը ստեղծվել է գրեթե 5 դար ավելի շուտ քան ռուսականը՝ այսօրվա կիրիլիցան։ Ավելին, հայոց լեզվի հնչյունները էականորեն ավել են կիրիլիցայի տառերից:
ԱՊՀ երկրներում իսկապես կան կիրլիցայից հրաժարված պետություններ՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, այսինքն այն ազգերը, որոնք սեփական այբուբեն չեն ունեցել և ստիպված գրում էին կիրիլիցայով: Վասիլևան հստակ թվարկում է այս երկրները՝ մանրամասնելով, որ հենց իրենց մասին է խոսքը։
Այս թեմայով հանդես եկավ անգամ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, որը ևս հաստատեց վերոնշյալը։
Հիշեցնենք, որ նմանատիպ ևս մի ապատեղեկատվություն տարածվեց օրերս, երբ որոշ լրատվականների ոչ պրոֆեսիոնալ թարգմանիչների պատճառով ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին վերագրվեցին խոսքեր, որոնք նա չէր ասել։