Այս տարվա հոկտեմբերին պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկել է 5 տարով երկարացնել «65 Ռազմական գործարան» ընկերության ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:
«Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքներով, ավիացիոն խոցման միջոցների արտադրությամբ», – գրում է Razm.info կայքը և ներկայացնում մատակարարված արտադրանքի ընդհանուր արժեքը (ըստ տարեթվերի)։
5 տարվա ընթացքում 100% պետական բաժնեմաս ունեցող ընկերությունը կատարել է պետական պատվերով նախատեսված զենքի արտադրության աշխատանքներ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար։
Կոռուպցիոն ռիսկերը գնահատելու համար SUT.am-ը հարցում ուղարկեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ հարցնելով նրան, թե որքան արժողությամբ զենք է գնել պաշտպանության նախարարությունը «65 ռազմական գործարանից» 2012-2017 թվականների ընթացքում։
Սակայն մեր հարցմանն ի պատասխան ստացված գրությամբ տեղեկացանք, որ ՊՆ-ն մերժել է մեզ տեղեկություն տրամադրել։ Մերժմանը հիմնավորում բերված կետերից մեկը ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ․ հուլիսի 9-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանի 48-րդ կետն է։
Դրա համաձայն՝ գաղտնի է համարվում պլանային և հաշվետու տվյալները պայմանագրային պարտավորությունների և գործարքների ուղղությամբ, այսինքն հենց այն տվյալները, որոնք հրապարակված են թե՛ Razm.info կայքում և թե՛ կառավարության համապատասխան որոշման նախագծում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուժային կառույցի գաղտնի գնահատած տեղեկությունը մենք գտնում ենք բաց աղբյուրներում։ Ավելի վաղ գրել էինք ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնագրված գնումների մասին, որոնք հրապարակված էին պետական գնումների կայքում։