Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, հղում անելով «երրորդ երկրների փորձագետների և պաշտոնյաների», պնդել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտվել է 2018 թվականից հետո։
«Փաստերի ստուգման հարթակը» քանիցս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեներին և դրանց առանձնահատկություններին, ինչպես նաև տարբեր տարիներին ձեռք բերված սպառազինության մասին բաց աղբյուրներում առկա տեղեկություններին։
Երբ է խախտվել բալանսը
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները և Հայաստանի ու Ադրբեջանի 1995-2023 թվականների ռազմական բյուջեները վկայում են՝ կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը հօգուտ Բաքվի զգալիորեն խախտվել է 2005-թվականից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման ընթացքում, և իր գագաթնակետին է հասել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ընթացքում՝ 2011-12 թվականներին։
Այսպես, 1995-98 թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը, չնայած որոշակի չափով գերազանցել են Հայաստանի ծախսերին, սակայն զգալի ազդեցություն չեն ունեցել երկրների միջև ռազմական հավասարակշռության վրա։ Արդեն 2005 թվականից Ադրբեջանը ռազմական ծախսերով մոտ եռապատիկ գերազանցության է հասել Հայաստանի նկատմամբ, իսկ դրանից հետո այդ առավելությունն աճել է տարեցտարի․ 2011-12 թվականներին Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ռազմական ծախսերին գերազանցեցին մոտ 9 անգամ։
Միևնույն ժամանակ, այդ տարիներից երկու երկրների ռազմական ծախսերի միջև տարբերությունը աստիճանաբար սկսեց նվազել, ընդհուպ մինչև 2023 թվականը․ ընթացիկ տարում Հայաստանի ռազմական բյուջեն Ադրբեջանին զիջել է ընդամենը 2․5 անգամ, որը ամենացածր հարաբերակցությունն է 2005-ից ի վեր։
Այսպիսով, Մկրտչյանի վկայակոչած «երրորդ երկրների փորձագետների և պաշտոնյաների» վերլուծությունները Երևանի ու Բաքվի միջև ռազմական հավասարակշռության խախտման ժամկետների վերաբերյալ սխալ են․ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները և թե՛ միջազգային հեղինակավոր հետազոտական SIPRI ինստիտուտը վկայում են՝ բալանսը խախտվել է ոչ թե 2018-ին, այլ 2000-ականներից։
Նանե Մանասյան