Սեպտեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը, shantnews.am-ը և այլ կայքեր տարածել էին ռուսական ТАСС պետական լրատվական գործակալության հրապարակումն այն մասին, որ «Ռոսպոտրեբնադզորի» ուսումնասիրությունների արդյունքում 46 դեպք է գրանցվել, երբ կորոնավիրուս հայտնաբերվել է ջրի և սննդի մեջ:
«Ռուսաստանի բոլոր շրջաններում ջրի և սննդի մեջ վարակի առկայությունը ստուգելու համար ուսումնասիրությունները սկսվել էին սեպտեմբերի 3-ից: Դրա համար ջրի նմուշառումներ են կատարվում»,- գրել էր 1lurer.am-ը՝ հղում անելով lenta.ru-ին: Ըստ լրատվականների՝ ուսումնասիրությունը ներկայացրել էր ծառայության ղեկավար Աննա Պոպովան։
Նման «գիտական բացահայտումը», իրականում, կարող էր լուրջ հետևանքներ ունենալ: Հեղինակավոր մի շարք աղբյուրներ, ինչպես, օրինակ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը, նշում են, որ ապացուցված դեպքեր չկան կորոնավիրուսի՝ ջրի միջոցով տարածվելու մասին: Իսկ այս՝ առաջին հայացքից սենսացիոն լուրը ավելի ուշ հերքել է հենց «Ռոսպոտրեբնադզորը»՝ տարածելով պարզաբանում և նշելով, որ Պոպովայի տրամադրած տվյալները լրագրողները սխալ են մեկնաբանել, դրական պատասխաններ եղել են ոչ թե ջրի և սննդամթերքի, այլ որոշ մակերեսների վրա:
Роспотребнадзор опроверг находки коронавируса в пище и воде
Роспотребнадзор опроверг находки новой коронавирусной инфекции в воде и пище. Образцы коронавируса найдены только в единичных смывах с поверхностей окружающей среды. Федеральная служба по надзору в сфере защиты прав потребителей и благополучия человека обращает внимание средств массовой информация на некорректную интерпретацию рядом журналистов данных, представленных в презентации руководителя Роспотребнадзора А.Ю.
Ավելի ուշ lenta.ru կայքում, որից օգտվել էր 1lurer.am կայքը, ավելացվել էր պարզաբանումը։
Իսկ ТАСС-ն ավելի ուշ փոփոխել էր նյութի բովանդակությունը՝ որևէ կերպ չնշելով դրա մասին։ Սակայն հայկական կայքերը դեռ շարունակում են տարածել հերքված տեղեկությունները։
Անի Ավետիսյան