ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հաշվետու զեկույցով։
Sut.am-ն արդեն անդրադարձել է այդ զեկույցում ներկայացված տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալների իսկությանը՝ բացահայտելով, որ բովանդակային իմաստով դրանք հեռու են իրականությանը մոտ լինելուց։
Սակայն, Սարգսյանի ելույթում առկա են այլ ուշագրավ եզրեր ևս։ Մասնավորապես՝ Սարգսյանն անդրադարձել է ջրամատակարարմանն ու էլեկտրաֆիկացմանը։
Ջուր
«Մեկ թիվ հնչեցնեմ միայն. եթե ջրամատակարարման շարունակականության միջին տևողությունը Երևանում 2007 թվականին 17.4 ժամ էր, ապա այսօր արդեն հասել է 23.4 ժամի՝ շատ մոտ շուրջօրյային»,- մասնավորապես, ասում է Սարգսյանը, ում խոսքից կարելի է եզրակացնել, թե ջրամատակարարման բարելավումը բխել է իր կուսակիցների տքնաջան աշխատանքից։
Միայն թե՝ Երևանում ջրամատակարարումն իրականացնում է «Երևան ջուր» ընկերությունը, որի հիմնադիրը ֆրանսիական Veolia Group-ն է։ Այսինքն՝ «Երեւան ջուրը» ֆրանսիական ընկերություն է, որը, սակայն, մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցը բարելավելու աշխատանքներն իրականացնելու համար ստացել է միջազգային վարկեր։ Մասնավորապես, Երևանում ջրամատակարարման կարգավորման համար միջոցներ՝ ընդհանուր 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, տրամադրել է Համաշխարհային բանկը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել հասնել գրեթե 24-ժամյա ջրամատակարարման։ Ընդ որում՝ Համաշխարհային բանկը նախ Հայաստանին է տրամադրել 30 միլիոն դոլար վարկ՝ ջրամատակարարումը կարգի բերելու նպատակով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Դրանից հետո միայն՝ երկրորդ վարկով ՀԲ-ն 20 մլն դոլար է տվել ֆրանսիական Veolia-ին, որը եւ հասել է արդյունքի։
Այսպիսով, ստացվում է, որ իշխող կուսակցությունն իրեն է փորձում վերագրել մի բան, որը իրականացվել է ֆրանսիական ընկերության կողմից՝ միջազգային ֆինանսավորմամբ։
Լույս
Բացի սա՝ Սերժ Սարգսյանն անում է այսպիսի մի հայտարարություն։ «Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից։ Ու սա բնական է, ու սա լավ է»։ Փաստորեն, ըստ Սարգսյանի, շուրջօրյա ջրի և էլեկտրամատակարումը, որոնք կարծես թե ՀՀԿ-ի «ձեռքբերումն» են, բնակիչները չեն նկատում։
Այնինչ, հայաստանցիները շատ էլ լավ «նկատում են»՝ բարձր սակագների պատճառով։ Այսպիսով, ուշ 90-ականներից հանրապետությունում կա շուրջօրյա էլեկտրամատակարարում և դա որևէ կապ չունի այժմ իշխող ՀՀԿ-ի հետ: Փոխարենը ՀՀԿ-ի իշխանություն օրոք էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամից բարձրացել և հասել է 46,2 դրամի (այլ կերպ ասած՝ աճել է 85 տոկոսով)… Ինչը և առաջացնում է հանրային բողոք՝ կապված էլեկտրաէներգիայի հետ: