Շուրջ մեկ ամիս առաջ Ֆեյսբուքում նկատելի դարձավ գովազդով առաջարկվող ակնհայտ հակաարևմտյան, պրոռուսական բովանդակություն տարածող Bright future անունով ֆեյսբուքյան էջը, որի նյութերը տարածվում էին գովազդի տակ:
Առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, որ էջը վրացական կապեր ունի, քանի որ այդ էջում մեկ վրացերեն գրառում կար։
Media.am-ի մեր գործընկերները բաց աղբյուրների հետաքննությամբ պարզել էին, որ էջը ոչ թե վրացական, այլ ռուսական կապեր ունի։ Էջի «թափանցիկություն» բաժնում նշված է եղել էջի նախկին անունը՝ rsgov, իսկ «Համայնք» բաժնում առկա է եղել երեք հրապարակում, որոնցում Bright future էջը նշված է եղել իր նախկին՝ rsgov անունով։ Բոլոր երեք հրապարակումների հեղինակը եղել է Դոնի Ռոստով քաղաքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության պաշտոնական էջը։
Ուսումնասիրության ժամանակ «թափանցիկություն» բաժնում նշված չեն եղել էջը ղեկավարողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ։ Ֆեյսբուքյան էջերի դեպքում այս բաժնում սովորաբար նշվում է, թե որ երկրից կամ երկրներից են էջը կառավարողները, քանի հոգի են և այլն։
Էջը կրկին ակտիվացրել է պրոկրեմլյան քարոզչությունը
Երեկվանից Ֆեյսբուքում կրկին այս էջի գործունեության ակտիվություն է նկատվում։ Այս անգամ էլ, ինչպես նախորդ դեպքում, էջը հակաարևմտյան քարոզչություն է իրականացնում։
Լուսանկարներում կարող եք տեսնել, որ էջն այս պահին ունի մոտ 19 ակտիվ գովազդ և դրանց գերակշիռ մեծամասնությունը միացվել է հոկտեմբերի 19-ին։
Դրանց բոլորի բովանդակությունը քարոզչական է և միանման ուղղվածության։
Ֆեյսբուքյան էջի «թափանցիկություն» բաժնում արդեն նշված է, թե որտեղից է ղեկավարվում էջը։ Այն ունի մեկ ադմին և ղեկավարվում է Բելառուսից։
Այսպիսով՝ հայկական լսարանին թիրախավորող և հակաարևմտյան քարոզչություն իրականացնող էջը կապեր ունի Ռուսաստանի հետ և ղեկավարվում է Բելառուսից։
Նարեկ Մարտիրոսյան