Ազգային ժողովում մայիսի 6-ին կառավարության 2019 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու 87,000 նոր գրանցված աշխատողների վճարած 1000 դրամները «Զինծառայողների սոցիալական ապահովագրության» հիմնադրամի մուտքերում և հաշվետվություններում չկան։
Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ ավելի վաղ առաջարկել էր վարչապետին հանձնարարել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել և պարզել, թե ուր են գնում այդ գումարները, մինչդեռ առաջարկի փոխարեն ստացել է կառավարության որոշում, ըստ որի՝ վերջինս հեռացվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՊՎԾ-ին չի հանձնարարել ստուգումներ անցկացնել «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամում, քանի որ պարզել են, որ ՊՎԾ-ն այդ իրավասությունը չունի։
«ՊՎԾ-ի հետ կապված ասեմ, որ ոնց որ օրենսդրական խնդիր առաջացավ, և պարզվեց, որ ՊՎԾ-ն իրավասություն չունի այնտեղ ստուգել»,- ասաց վարչապետը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Պետական վերահսկողական ծառայությունն իսկապես իրավասություն չունի ստուգում իրականացնելու «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամում։
«Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամի հիմնադիրը Կենտրոնական բանկն է
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանվում են ՊՎԾ-ի լիազորություններն ու գործառույթները։ Այն վարչապետին ենթակա մարմինն է։
Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ ՊՎԾ-ի խնդիրն է պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնել ուսումնասիրություններ, և նպատակն է վերահսկել պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետությունն ու օրինականությունը։
Բացի այդ, ՊՎԾ-ն կարող է ուսումնասիրություն իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով։
Ինչ վերաբերում է «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամին, ապա պետք է նկատել, որ վերջինս հիմնադրվել է Կենտրոնական բանկի կողմից, իսկ ԿԲ-ն պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Կառավարությունը ԿԲ-ի նկատմամբ վերահսկողություն չունի, ուստի ՊՎԾ-ն էլ, իր հերթին, հիմնադրամում վերահսկողություն իրականացնելու լիազորություններ չունի։
2019-ի միջինացված ամսական հաշվարկով հիմնադրամ վճարումներ են կատարել շուրջ 55,000-ով ավելի շատ քաղաքացիներ
Ինչ վերաբերում է հիմնադրամի հաշվետվություններում «նոր աշխատատեղերի» չերևալուն, ապա թեմային մայիսի 7-ին անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տարեկան հաշվետվությունից նախնական տվյալներ։
Ըստ Ավետիքյանի՝ եթե 2018-ին հիմնադրամին 1000 դրամ էր վճարել 529,183,417 քաղաքացի, ապա 2019-ին՝ 583,963,667 քաղաքացի (միջինացված ամսական)։
«Այսինքն՝ 2019-ին միջինացված ամսական հաշվարկով հիմնադրամ վճարումներ են կատարել շուրջ 55,000 ավելի շատ քաղաքացիներ: Ավելին՝ եթե 2018 թվականին մեր քաղաքացիները հիմնադրամ են մուծել 6,350,201,000 դրամ, ապա 2019 թվականին մուծել են 7,007,564,000 դրամ»,- գրել է նա:
Ավետիքյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 18-ին տեղի կունենա հիմնադրամի խորհրդի նիստ, որից հետո կհրապարակվի 2019 թ. պաշտոնական հաշվետվությունը, ինչպես նաև անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը հիմնադրամի գործունեության վերաբերյալ։
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացրել էր, որ հաշվի առնելով 06.05.2020 թ. «Զինծառայողների սոցիալական ապահովության» հիմնադրամ չփոխանցված վճարների վերաբերյալ իր կողմից բարձրացված հարցին վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ հանդես է եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ։
Նելլի Լազարյան