Հուլիսի 21-ին ռուսական «НТВ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրվեց Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գործող «Սիրիուս» ուսումնական կենտրոնի աշակերտների հետ: «Ոչ մանկական զրույց» խորագրով հանդիպման ընթացքում ռուսաստանցի աշակերտներից ոմանք Պուտինին դիմեցին իրենց՝ որոշ դեպքերում իսկապես «ոչ մանկական» հարցերով:
ԲՈւՀ-երում տեղերը
Աշակերտներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կարելի է զարգացնել երկիրն ապագայում, եթե ԲՈՒՀ-երում բյուջետային տեղերի քանակը կրճատվում է, իսկ ուսման վարձերն ավելանում են, Պուտինը հայտարարեց, որ երկրում բյուջետային տեղերի քանակը չի կրճատվում:
Աղջկա հակառակ պնդմանն ի պատասախան, որ դրա վերաբերյալ համապատասխան վիճակագրություն կա, Պուտինը շարունակում է վստահեցնել նրան, որ դա այդպես չէ:
«Ո՛չ, բյուջետային տեղերի քանակն ավելանում է»,- հայտարարում է Պուտինը:
Մինչդեռ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության կայքէջում տեղադրված պաշտոնական վիճակագրական տվյալները հակառակն են փաստում: Վերջին 16 տարիների ընթացքում՝ սկսած 2000 թվականից, երբ Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ, մինչ 2016-ը, որի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրությունն այս պահին վերջինն է, բուհերում բյուջետային ֆինանսավորմամբ սովորող ուսանողների ընդհանուր քանակը կրճատվել է մոտ 32%-ով՝ գրեթե մեկ միլիոն մարդով:
Մամուլի ազատությունը
«Ոչ մանկական զրույց»-ի հարց ու պատասխանի ընթացում Վլադիմիր Պուտինի հնչեցրած այս և այլ ստերի մասին իր վիդեոբլոգում հայտարարեց նաև ռուս ընդդիամդիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Ի դեպ, նույն զրույցի ժամանակ Պուտինը եթերում հայտարարել էր, որ «Ռուսաստանում չկա գրաքննություն»: Թեև ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ կետն իսկապես արգելում է գրաքննությունը, ինչպես նաև պրոպագանդան, սակայն, ըստ «Ֆրիդոմ հաուս»-ի և միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների՝ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենաանազատ մամուլն ունեցող երկրներից մեկը: Ռուս լրագրողներից ոմանք ևս հաճախ անձամբ հայտարարում են իրենց մասնագիտական գործունության նկատմամբ գրաքննություն հաստատելու դեպքերի մասին:
Պուտինն, այսպիսով, ստել է ոչ միայն «Սիրիուս»-ի դահլիճում հավաքված աշակերտներին, այլ հանդիպումն ուղիղ եթերում նայող հեռուստադիտողներին: