Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստում։ Ի թիվս այլնի, նա անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողություններին, դրանց ազդեցությանը ՌԴ-ի և արևմտյան երկրների տնտեսության վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է Պուտինի ելույթի մի շարք մանիպուլյատիվ ու կեղծ պնդումներ։
Գնաճի մանիպուլյատիվ համեմատականներ՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև
ՌԴ նախագահը, անդրադառնալով համաշխարհային գնաճին, զուգահեռներ է տարել Դաշնությունում և արևմտյան երկրներում համապատասխան ցուցանիշների միջև․ նա, մասնավորապես, պնդել է, թե Ռուսաստանում գնաճը, «ի տարբերություն ԱՄՆ-ի, նվազման միտում ունի»։
«Հուլիսին ԱՄՆ-ում գնաճը կազմել է 8․5%, իսկ մեզ մոտ՝ 14%-ից մի քիչ ավելի. ես սրան դեռ կանդրադառնամ, բայց այն նվազման միտում ունի՝ ի տարբերություն արևմտյան երկրների։ Այնտեղ գնաճը շարունակում է ավելանալ, իսկ մեզ մոտ անկման միտում ունի»,- ասել է Պուտինը։
Պուտինը մի հարցում իրավացի է, ըստ ՌԴ վիճակագրական ծառայության՝ հուլիսին ՌԴ-ում գնաճն իսկապես անկման միտում է դրսևորել։ Սակայն նա սխալվում է ԱՄՆ-ի մասով․ հուլիսին ԱՄՆ-ում գնաճը նույնպես նվազման միտում ուներ։
Միևնույն ժամանակ, մարտից՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման 2-րդ ամսից սկսած, Դաշնությունում, ի տարբերություն ԱՄՆ-ի, գրանցվել է գնաճի երկնիշ ցուցանիշ։
Օրինակ, ռազմական գործողությունների կես տարում ԱՄՆ-ում գրանցված գնաճի ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսին՝ 9․1%, իսկ ՌԴ-ում՝ ապրիլին՝ 18%, այսինքն՝ կրկնակի բարձր, քան ԱՄՆ-ում գրանցված ցուցանիշը։
Ուկրաինական ցորենը՝ միայն հարուստ երկրների՞ն
Նույն ելույթի ընթացքում Պուտինն անդրադարձել է հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ստամբուլում հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրին ու պնդել, որ դրանից օգտվում են միայն ԵՄ-ի հարուստ երկրները, իսկ աղքատ երկրներին ուկրաինական ցորենով բեռնված ընդամենը «երկու նավ է հասել»։
«Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ ամենից շատ կարիքի մեջ գտվող երկրներ ընդամենը երկու նավ է հասել, ընդգծում եմ՝ ընդամենը երկուսը՝ 87 նավից»,- ասել է Պուտինը։
Նա նշել է նաև, որ ՌԴ-ն մտադիր է ուկրաինական ցորենի արտահանման սահմանափակումների հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Ի դեպ, վերջինս վերահաստատել է Պուտինի այս հայտարարությունը՝ ևս պնդելով, թե ուկրաինական ցորենի արտահանման գործարքից աղքատ երկրները չեն օգտվում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ուկրաինական ապաշրջափակված նավահանգիստներից ցորենով բեռնված 87 նավ է դուրս է եկել։
Դրանց մեծ մասը՝ 32 նավ, բեռնաթափվել է միայն Թուրքիայում, 30-ը՝ ԵՄ 9 երկրներում, և 25-ը՝ այլ երկրներում, այդ թվում՝ 6 նավ Եգիպտոսում, մեկական նավ՝ Եմենում, Սուդանում, Սոմալիում, Ջիբութիում, Լիբանանում։
Այսպիսով, Պուտինի պնդումը, թե հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրից օգտվում են միայն հարուստ երկրները, իսկ աղքատ երկրներին ուկրաինական ցորենով բեռնված ընդամենը երկու նավ է բաժին ընկել, չի համապատասխանում իրականությանը, թեև նավերի մեծ մասն իսկապես բաժին է հասել ոչ աղքատ երկրներին։
Նանե Մանասյան