Ինչպես հայտնի է, կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավաքեց ռեկորդային՝ մոտ 76% քվե։ 18 տարի իշխանության ղեկին լինելով՝ Պուտինը բազմիցս տնտեսական խոստումներ է տվել սեփական քաղաքացիներին: Դրանցից մեկը Ռուսաստանը տնտեսության հզորությամբ 5-րդ երկիրը դարձնելու խոստումն է։
2007 թվականին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ 10 տարի անց՝ 2017 թվականին, Ռուսաստանը կհայտնվի տնտեսապես զարգացած երկրների թոփ հնգյակում։ Արդեն 4 տարի անց՝ 2011 թվականին, լինելով վարչապետ՝ Պուտինը կրկին հայտարարեց, որ 10 տարուց՝ 2021-ին, Ռուսաստանը կհայտնվի խոշորագույն 5 տնտեսություններ ունեցող երկրների ցանկում։ Դրանից ընդամենը 2 ամիս անց Մոսկվայում Պուտինը կրկին նույն խոստումը տվեց՝ այս անգամ նշելով 5 տարվա ժամկետ։ 2012 թվականին ելույթ ունենալով Պետական դումայի առջև՝ Պուտինը հայտարարեց ռուսական տնտեսությունը թոփ հնգյակին հասցնելու մտադրության մասին և նշեց 2-3 տարվա ժամկետը։ Այս խոստումը Պուտինը տվեց նաև 2018 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 16-ին, Պուտինը կառավարությանը և կենտրոնական բանկին հանձնարարեց մինչև 2024 թվականը Ռուսաստանը դարձնել տնտեսապես զարգացած 5-րդ երկիրը աշխարհում։
2017 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակեց աշխարհի խոշորագույն 10 տնտեսություններ ունեցող երկրների ցանկը։ Այն գլխավորում է ԱՄՆ-ն։ 2016 թվականին այս երկրի ՀՆԱ-ն կազմել է 18 տրիլիոն դոլար, որը համաշխարհային տնտեսության 24.3%-ն է։ Ցուցակի երկրորդ տեղում Չինաստանն է՝ 11 տրիլիոն դոլար։ Երրորդ տեղում Ճապոնիան է՝ 4.4 տրիլիոն դոլար։ Գերմանիան, Միացյալ թագավորությունները և Ֆրանսիան հաջորդաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը։ Նշենք, որ Ռուսաստանը այս ցանկում չկա։
Հավելենք, որ 2016 թվականին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հրապարակեց երկրի առաջիկա 20 տարվա տնտեսական հեռանկարները։ Ըստ կանխատեսման՝ առաջիկա 20 տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսական աճը կազմելու է միջինում տարեկան 2 տոկոս, ինչը 1․5 անգամ ցածր է լինելու համաշխարհային միջին ցուցանիշներից։ Բացի այս նշված են բնակչության իրական եկամուտները։ Դրանք տարեկան աճելու են միջինում 1․4%-ով։ Այս տեմպերով Ռուսաստանը 2021 թվականին կկարողանա վերադառնալ 2013 թվականի ցուցանիշին։